«Այդ ընտրատարածքում Միհրան Պողոսյանը միակ թեկնածուն չէ. յուրաքանչյուր քաղաքացի շատ ազատ կարող է իր ընտրությունը կատարել». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն անընդհատ խոսում է ներքին բարեփոխումների մասին, բայց, ինչպես տեսնում ենք՝ տարածքային ցուցակներում կրկին ներառվել են օդիոզ դեմքեր, օրինակ՝ ինքն ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ տարածքային ցուցակներում ներառվել է Միհրան Պողոսյանը, որը հայտնի է օֆշորային սկանդալով, ասաց, որ իր կուսակից բոլոր ընկերներին խորը հարգանքով է վերաբերվում.
«Նրանցից յուրաքանչյուրն անցել է իր ճանապարհը, և յուրաքանչյուրն այս պահին իր ընտրատարածքում, որտեղ ռեյտինգային ցուցակով է, կարող է մրցել ձայների քանակի համար: Ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև ես կարծում եմ, որ ընտրողն իրավունք ունի կողմնորոշվելու: Դուք գիտեք, որ այդ ընտրատարածքում Միհրան Պողոսյանը միակ թեկնածուն չէ, դա մեծամասնական ընտրություն չէ, այլ համամասնական ընտրություն է, որն ունի ռեյտինգային ցուցակ, և ես կարծում եմ, որ շատ ազատ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությունը կարող է կատարել»:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ թաղային հեղինակություններն արդեն սկսել են աշխատել, ճնշումներ կան բնակիչների վրա, նա ասաց, որ ով այդ մասին խոսում է, իրեն է պետք հարցնել:
Հարցին՝ ադրբեջանցի գերու, դիվերսանտի դիակի առկայությունը որքանո՞վ կարողացավ որպես լծակ օգտագործվել և իրական ազդեցություն ունենալ, առաջթընթաց գրանցել անվտանգության մեխանիզմների ներդրման առումով, նա այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք այս պահին որևէ փոփոխություն ունենք մեխանիզմների մասով: Դուք գիտեք, որ դա Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է, և մենք պետք է շարունակենք պնդել, որ այդ պայմանավորվածությունները լիարժեք իրականացվեն: Ինձ համար զարմանալի է թվում, երբ կողմերից մեկը փորձում է խուսափել դրանից, որովհետև դա այն նվազագույն անհրաժեշտ պայմանն է, որը կարող է օգնել՝ ձևավորել վստահություն, իսկ առանց վստահության Ղարաբաղի հարցում խաղաղություն լինել չի կարող»: