«Եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը, և քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, դա իրենց իրավունքն է». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկար տարիների ընթացքում հայկական բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը.

«Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից՝ թվում է, որ առավելություն է, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր եղած չլուծված հարցերը ևս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը: Քաղաքական պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ինչպես՝ հնարավորություն՝ ցույց տալու քո քաղաքականություն, քո ուղղվածությունը, միտումը, այնպես էլ՝ կրելու այն բեռը, որը կա՝ չկատարված կամ թերի կատարված գործերի համար:

Դրա համար կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ. բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում: Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը, և քվեարկեն այն կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը ես եմ ղեկավարում, դա իրենց քաղաքական իրավունքն ու ընտրությունն է»:

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է երաշխիք տալ, որ բանակը չի ուղղորդվի քվեարկության ժամանակ, նա պատասխանեց. «Այո, կարող եմ. բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվի քվեարկության ժամանակ»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ բանակի կեսը կքվեարկի Սեյրան Օհանյանի օգտին: «Ես առհասարակ կարծում եմ, որ մտավախություն ունենալը քաղաքական կատեգորիա չէ: Ես կարծում եմ՝ ամեն մեկը պետք է ներկայացնի իր ծրագիրը, և ամեն քաղաքացի պետք է կարողանա հստակ հասկանալ, թե ինքը որ ծրագրին և որ գործող անձանց է նախընտրություն տալիս: Մնացած ամեն ինչը գեղարվեստական ժանրից է, և դրան իմաստ չունի անդրադառնալ»,- պարզաբանեց նա:

Իսկ հարցին՝ այս օրերին շատ է քննարկվում այն խնդիրը, թե հնարավոր է՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ չարաշահումների հետ կապված. Վիգեն Սարգսյանը ստանձնել է նրա պաշտոնը, ծանոթ է նախկին ամբողջ գործընթացին, փաստաթղթաշրջանառությանը, արդյո՞ք կան հնարավոր չարաշահումների դեպքեր, ինքը նման բանի ականատես եղե՞լ է, նախարարը պատասխանեց.

«Ես համարում եմ, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, որ կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյո՞ք կա քրեական որևէ գործի հիմք»:

Լրագրողի դիտարկմանը՝ այդ պաշտոնը ստանձնելիս՝ խախտումներ տեսե՞լ է, նա այսպես արձագանքեց. «Եթե ես տեսնեի այն խախտումը, որը քրեորեն հետապնդելի է, անպայման համապատասխան մարմինները դրա մասին կիրազեկվեին»:

Տեսանյութեր

Լրահոս