![](/banners/BeFunky-design.jpg)
«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում, պարո՛ն Եղիազարյան». վարչապետն ու փոխոստիկանապետն ընդհանուր հայտարարի չէին գալիս
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Karen-Karapetyan-2-3.jpg)
Այսօր կառավարության նիստում Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ բավականին ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի միջև: Վերջինս ներկայացրեց նախագիծը, որով զգալի բարեփոխումներ են իրականացվում ՃՈ ոլորտում:
«Բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը»,- ասաց Եղիազարյանը:
«Մեր քաղաքացիների համարն ի՞նչն է փոխվել»,- հարցրեց Կ.Կարապետյանը:
«Նախ թեթևացնում ենք վարչական բեռը, բավականին դյուրինացնում ենք էն բոլոր փողոցային երթևեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկում»,- ասաց Եղիազարյանը` նշելով, որ տուգաքների վրա նախկինում 50 % տույժի ավելացում կար, այժմ դա նվազեցվում է 2 անգամ՝ 25 % է դառնում:
«Նվազեցնո՞ւմ ենք, թե՞ հանում ենք»,- հարցրեց Կարապետյանը:
«Նվազեցնում ենք»,- կրկնեց Եղիազարյանը:
«Էս մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- փոխոստիկանապետին փորձեց ուղղել Կ.Կարապետյանը:
Սակայն Եղիազարյանը պնդեց, թե չեն հանում, այլ նվազեցնում են:
«Հիմա նվազեցնո՞ւմ եք, թե՞ հանում եք»,- իր հարցը կրկնեց Կարապետյանը:
Եղիազարյանը փնտրեց ձեռքի փաստաթղթերում և վերջապես համաձայնեց վարչապետի հետ. «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»:
«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում, պարո՛ն Եղիազարյան, ոնց որ ընենց զոռովեք էս բանը բերել»,- նկատեց Կ.Կարապետյանը: