Տարոն Մարգարյանը բյուջեի հաշվին 5000-ից մինչև 50 000 դրամ գումար է բաժանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրություններից առաջ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչների դրամական հատկացումներ է կատարել բյուջեի հաշվին: «ՀԺ»-ն քաղաքապետի կարգադրությունների ուսումնասիրությունից պարզել է, որ գումարները հատկացվել են վերջին շաբաթներին:

Օրինակ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ փետրվարի 21-ի կարգադրությամբ, «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից փետրվարի 23-ի՝ Սովետական բանակի օրվա կապակցությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հայրենական Մեծ պատերազմի եւ թիկունքի վետերաններին հատկացվել է 145 հազար դրամ: Այս գումարը բաժանվել է թվով 29 վետերանի՝ յուրաքանչյուրին ընդամենը 5 հազար դրամ: Նույն օրվա մեկ այլ կարգադրությամբ 50 հազար դրամ էլ որպես օգնություն հատկացվել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Իննա Դամիրյանին:

«Սոցիալապես  անապահով  անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով  նախատեսված գումարներից որպես օգնություն  20 հազար դրամ էլ հատկացվել է նույն վարչական շրջանի բնակիչ Հասմիկ Խաչատրյանին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից Հերմինե Ավետիսյանին էլ նույն պատճառաբանությամբ հատկացվել է 100 հազար դրամ:

Փետրվարի 17-ին էլ քաղաքապետ Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արա Սադոյանի գրությունը հաշվի առնելով՝ կարգադրություն է իջեցրել սոցիալապես անապահով թվով 17 անձանց եւ «Պատանի երկրապահ» ակումբին գումարային օգնություն տրամադրելու մասին: Գումարի ընդհանուր չափը կազմել է 395 հազար դրամ, որից 150 հազար դրամը տրամադրվել է «Պատանի երկրապահ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Նազարեթյանին:

Նույն օրվա կարգադրություներով 20 հազարական դրամներ էլ հատկացվել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ Մարգարիտ Գյուզալյանին եւ Նելլի Իվանովային: Նույն չափով գումար է հատկացվել Էմմա Մակարովային եւ Անուշ Գյուրջյանին եւ այսպես շարունակ:

Հ.Գ. Այս ամենն ինչ-որ տեղ բնական կդիտվեր, սակայն նախընտրական շրջանում, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս