Բաժիններ՝

Կալանավորումներ Բաքվում. Ալիևը փորձում է կանխել բողոքի հնարավոր ալիքը

Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ երկրում զանգվածային կալանավորումները հետապնդում են հասարակության բողոքը նվազեցնելու նպատակ՝ կապված երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու հետ, գրում է kavkaz-uzel.eu-ն։

Փետրվարի 20-ին Սումգայիթի D18 կազմակերպության անդամ Գադիր Աղակիշիևը դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի ոստիկանությանը չենթարկելու մեղադրանքով, կայքի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր կազմակերպության ղեկավար Ռուսլան Իզեթլին։

«Գադիր Աղակիշիևի կալանավորումը կապված է նրա քաղաքական գործունեության հետ։ Նրան հետապնդում են կեղծ մեղադրանքով։ Իշխանությունները զանգվածային կալանավորումներ են իրականացնում՝ նպատակ ունենալով հասարակության մեջ վախ սերմանել։ Սակայն այդ միջոցառումները միայն հակառակ ազդեցություն են ունենում՝ երիտասարդությունը ավելի է ակտիվանում»,- հայտարարել է Իզեթլին։

Երեկ 30-օրյա վարչական կալանքի էր դատապարտվել նաև Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Նամիգ Աբասալիևը։

«Սա արդեն մեր կուսակցության չորրորդ ակտիվիստն է, որը կալանավորվել է վերջին երկու օրերին։ Երևում է, կառավարությունը շատ է վախենում բնակչության զանգվածային բողոքից։ Հավանական է, նրանք հասկանում են ու հաշվի առնում փաստը, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը կարող է գրգռել հասարակությանը ու այդ իսկ պատճառով կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում»,- հայտարարել կուսակցության ներկայացուցիչը։

Փետրվարի 20-ին երկրի հարավում իրենց տներում կալանավորվել էին նաև ակտիվիստներ Էլվին Բահրամովն ու Ֆարասաթ Ահմեդովը «Ազգային ճակատից»։ Նրանք նույնպես կալանավորվել էին 30 օրով՝ ոստիկաններին չենթարկվելու մեղադրանքով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեկ նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ։

Նշանակման մասին հրամանագիրը Ալիևը ստորագրել է երեքշաբթի։ Առաջին փոխնախագահի պաշտոնը Ադրբեջանում առաջացել է 2016թ. սեպտեմբերին։ Մինչ օրս այն թափուր էր։
Ալիևը Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստում իր կնոջը ներկայացրել է որպես իր տեղակալ։

Նա հայտարարել է, որ իր կինը արդեն երկար տարիներ «կարևոր դեր է խաղացել քաղաքական, մշակութային, միջազգային գործունեության մեջ»։ Ալիևը իր կնոջը որակել է որպես «պրոֆեսիոնալ և մարդասեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս