«Ռուսաստանցիները վաղվանից կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով». Լավրով
Ռուսաստանցիները վաղվանից՝ փետրվարի 23-ից, կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Կցանկանայի գոհունակություն հայտնել, որ վաղվանից ուժի մեջ են մտնում առանց վիզայի ուղևորությունների մասին համաձայնագրի փոփոխությունները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով»,- ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լավրովը։
Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին համաձայնագիր, որը թույլ է տալիս ռուսաստանցիներին ներքին անձնագրերով այցելել Հայաստան։
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին փաստաթուղթ, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
Հայաստանի կառավարությունը փետրվարի 16-ին հաստատել է ռուսաստանցիների համար մուտքի նոր կանոնները։
Այդ որոշումն ուղղված է զբոսաշրջային այցերի խթանմանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչ ամառ համապատասխան ներպետական ընթացակարգերը ավարտին կհասցվեն:
Կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման ևս երեք փաստաթուղթ: