ԿԸՀ-ն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին 48 ժամ ժամանակ տվեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ տվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար թեկնածու գրանցելու փաստաթղթերում առկա անճշտությունները վերացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հարցը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ԿԸՀ անդամ, նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017թ. փետրվարի 16-ին ստացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակներում ներգրավված անձանց գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված ընտրական ցուցակում 23-րդ համար Վլադիմիր Առաքելյանի փաստաթղթերից բացակայում են վերջին 4 տարիներին ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքները»,- ասաց Գալստյանը:

Նա նաև հայտնեց, որ դաշինքի ցուցակում ընդգրկված Սամվել Միքայելյանի վերաբերյալ ընդհանրապես որևէ փաստաթուղթ ներկայացված չէ: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` համաձայն ընտրական օրենսգրքի` որոշում է կայացնում դաշինքին 48 ժամ հատկացնել նշված անճշտությունները վերացնելու համար: Եթե նշված ժամկետում անճշտությունները չեն վերացվում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է թեկնածուների գրանցումը»,- ընդգծեց Լաուրա Գալստյանը:

Տեսանյութեր

Լրահոս