«ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը չի ուղղվի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական միության շահերի դեմ». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է։ «Այդպես ենք մենք դիտարկում այն համագործակցությունը, որը առկա է Ռուսաստանի հետ ռազմական կադրերի նախապատրաստման, ռազմատեխնիկական ոլորտի, ռազմաքաղաքական երկխոսության պլանով։ Մենք կարծում եմ՝ դա անխզելի համալիր է։ Մենք բաց ենք և պատրաստ նման երկխոսության հետագա ինտենսիվությանը։ Պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբների մակարդակով խորհրդատվությունները կրում են պարբերական բնույթ»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
«Կարծում եմ՝ որքան շատ լինեն այցերը, այնքան ավելի լավ, որովհետև իրականում մեր համագործակցությունն ուղղված է մեր տարածաշրջանում մարտահրավերների և սպառնալիքների համակարգերի լիարժեք ուսումնասիրության, փոխադարձ հետաքրքրությունների ընկալմանն ու արտաքին քաղաքականություն կառուցելուն։
Որքան շատ մենք իմանանք միմյանց հետաքրքրությունների մասին, այնքան ավելի բաց կլինի մեր երկխոսությունը սահմանափակումների կամ հնարավոր դժվարությունների ընկալման պլանում, այնքան արդյունավետ ու հարմարավետ կլինի մեզ միասին աշխատել։ Կարծում եմ՝ հարաբերությունների ներկայիս մակարդակը շատ բարձր է»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ պայմանագրա-իրավական բազան հաշվարկում է ավելի քան 60 պայմանագիր։ «Մենք գոհ ենք, թե ինչպես են դրանք աշխատում»,- ասել է նախարարը։
Վերջինիս խոսքով՝ ավելի քան 200 հայ զինծառայող ամենատարբեր մակարդակների ուսուցում կստանա Ռուսաստանում, բացի այդ, ապագա սպաները կրթություն են ստանում նաև մի շարք այլ երկրների ուսումնական հաստատություններում։
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր սպաները ունենան լայն աշխարհայացք, պատկերացնեն պաշտպանության կազմակերպման հարցի նկատմամբ մոտեցումների ողջ սպեկտրը։ Դրան օգնում է տարբեր ուսումնական հաստատություններում ուսուցումը։
Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ծրագիր։ Ուզում եմ առաջին հերթին հիշեցնել, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը սկսվել է հենց այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի հետ սկսեցին համագործակցել նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը։
Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ միշտ կառուցվել են մեր դաշնակից երկրների համար միանգամայն բաց եղանակով։ Մենք երբեք դրանից ոչ մի գաղտնիք չենք սարքել և երբեք նման համագործակցությունը չէր կարող ու չի ուղղվի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական միության շահերի դեմ։
ՆԱՏՕ-ն իրականացնում է մի շարք խաղաղարար գործողություններ։ Հայաստանի համար շատ կարևոր է և օգտակար գիտելիքներ ու փորձ ունենալ այդ բազմազգ խաղաղարար գործողություններում, ունենալ կոնտինգենտ, որը անցել է մարտական հերթապահություն տարբեր իրական պայմաններում։
Մենք իրականացնում ենք մի շարք նախագծեր, որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։