«Շարունակելու ենք ընդլայնել շփումները բոլոր երկրների ու կազմակերպությունների հետ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են տարածաշրջանի անվտանգության հարցերում». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական RIA Novosti գործակալությանը, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև իր ղեկավարած գերատեսչության և Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։

Անդրադառնալով ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերին՝ Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ պաշտպանության նախարար նշանակվելու պահին նախարարության առաջ խնդիր էր դրված «խորացնել ու զարգացնել ռազմա-դիվանագիտական կապերը»։

«Այդ պաշտոնին գտնվելու առաջին չորս ամիսներին ես կատարել եմ չորս, կարծում եմ, Հայաստանի, հայկական պաշտպանական ոլորտի համար շատ կարևոր այցեր։ Առաջին այցը, բնական է ու միանգամայն օրինաչափ, տեղի ունեցավ Ռուսաստան։ Այնուհետ այց կատարեցի Հունաստան, որը ավանդաբար Հայաստանի կարևոր գործընկերն է մեր երկրի զինված ուժերի ձևավորման ու ամրապնդման հարցում, որը անկախության առաջին իսկ օրերից աջակցել է Հայաստանում բանակաշինության զարգացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Գործակալության հարցին, թե «ինչո՞ւ հենց Հունաստան», ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է, որ դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ այդ երկրում ավանդաբար կա մեծ հայկական համայնք, բացի այդ, կա ընդհանուր տարածաշրջանային սպառնալիքների, մարտահրավերների ընկալում՝ կապված ինչպես պատմության, այնպես էլ իրադարձությունների ներկայիս զարգացման հետ։

Նախարարի խոսքով՝ դրանից հետո կայացել են այցեր դեպի Վրաստան և Իրան, որոնց հետ

Հայաստանն ունի մի շարք առանցքային հարցեր, որոնք վերաբերում են «տարածաշրջանային անվտանգությանը»։

«Այդ այցերը շատ կարևոր են եղել առաջին հերթին այդ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ անձնական շփում ստեղծելու պլանում, երկրորդ՝ այն հարցերի քննարկման պլանում, ինչպիսիք այդ երկրների տարածքով անցնող բեռների տարանցումն է, այդ թվում՝ նաև ռազմական բեռների, ինչը մեր անվտանգության կարևոր բաղադրիչն է։

Իրանում կայացել են հանդիպումներ ամենատարբեր պետական հաստատություններում։ Կարծում եմ՝ մենք ունենք լիակատար փոխըմբռնում այն հարցի վերաբերյալ, որ մեզ անհրաժեշտ է սերտորեն համագործակցել տարածաշրջանային անվտանգության հարցերում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, թե նման այցերը շարունակվելու են։
Նրա խոսքով՝ Մյունխենի Անվտանգության համաժողովում ինքը բանակցություններ ու հանդիպումներ է ունեցել Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Լիբանանի, Էստոնիայի, Սինգապուրի պաշտպանության նախարարների հետ։

«Շարունակելու ենք ընդլայնել շփումները բոլոր երկրների ու կազմակերպությունների հետ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերում»,- հավելել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս