«Շտապօգնության մեքենաները վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արշակունյաց պողոտայում օրը մի քանի անգամ կարելի է ականատես լինել շտապօգնության մեքենաների, որոնք վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»։
Այս տեսարանը հատկապես օրվա պիկ ժամերին է լինում ՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում։ Անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենայի վարորդը, որը ծանր հիվանդ է տեղափոխում կամ շտապում է հիվանդին օգնության, ստիպված է լինում լուսաձայնային ազդանշանը միացրած խցանման մեջ երկարատև «լռվել»։
Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում։ Վարորդները մեծ ցանկության դեպքում էլ, միևնույն է, ճանապարհը շտապօգնության մեքենային չեն կարողանում զիջել, նախ՝ այն պատճառով, որ ճանապարհին նման դեպքերի համար նախատեսված որևէ այլ ազատ գոտի չկա, և բացի այդ՝ ճանապարհային ոստիկաններն էլ խցանումները կարգավորելիս այս հարցին առանձնապես ուշադրություն չեն դարձնում։
Այս խնդիրը առկա է նաև հրշեջ մեքենաների համար, որոնք նույնպես երթևեկությունը մի կերպ են ճեղքում։ Քաղաքակիրթ երկրներում այս ծառայություններին, կարելի է ասել, «գլխի վրա» են պահում՝ հաշվի առնելով, թե հասարակության համար նրանք ինչ կարևոր առաքելություն են կատարում։ Նրանց համար առանձնացված գոտում, եթե նույնիսկ ճանապարհն ազատ է, որևէ մեքենա մուտք չի գործում։ Մեզ մոտ, բացի այն, որ այդքան երկար միացված ձայնային ազդանշանները շրջապատում անտեղի խուճապ են առաջացնում, այդ ծառայությունների նկատմամբ նման մոտեցումն ուղղակի անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: