Թուրքիայի հայերը նամակ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նամակը հրապարակել է «Ակոս»-ը: Նամակում ասված է.
«Ամբողջ ութ տարի Թուրքիայի Հայոց պատրիարքական աթոռը թափուր է: Եկեղեցու և համայնքի մի շարք ներկայացուցիչներ իրենց անհատական հաշիվների պատճառով հետաձգեցին ընտրությունը: Այս երևույթն ավելի քան հինգ հազար ստորագրություններ պարունակող նամակով հանձնել ենք Ձեր ուշադրությանը: Ափսոս, որ Մայր Աթոռից մինչ այժմ պատասխան չենք ստացել:
Անցած ութ տարիների ընթացքում բազմաթիվ բացասական դեպքեր են պատահել: Մեր ավանդության դեմ պետության ձեռքով նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյան սրբազանը ժողովրդի կամքից անկախ և անպատասխանատու կերպով գործում է պատրիարքի իրավասությամբ: Առաջնորդի հատկությունից զուրկ Արամ Սրբազանը, դժբախտաբար, 1915թ-ի ցեղասպանության զոհերը անտեսած, խորը վերքեր է թողել այդ կսկիծը սրտի խորքերում զգացող և իրողությունն ընդմիշտ աղաղակողների հոգիներում: Մեր միակ մխիթարությունը մնում է տեսնել, թե ինչպես անձնատուր այս կեցվածքով հանդերձ Թուրքիայի զանազան քաղաքն երում կայանում են ապրիլ 24-յան հիշատակումներ:
Պատրիարքարանը, որը խնդիրների լուծման վայր է, ինքը դարձել է խնդրահարույց: Հոգևորականները չեն հաջողում ճնշումներին դիմադրել և դառնում են գործված սխալներին մեղսակից: Որպես հետևանք հայ համայնքի կապն իր եկեղեցու նկատմամբ տկարացել է: Հովվից զուրկ եկեղեցու համայնքն օրըստօրե հալչում է: Ի վերջո’ համբերության բաժակը հորդել է և մարդիկ սկսել են պատրիարքարանի դռան առջև բողոքի ցույցեր իրականացնել:
Վեհափառ Տե՛ր, բազում փորձանքներից հետո հասել ենք պատրիարքական ընտրությունների շեմին: Գիտենք, որ ոմանք այս հանգրվանում էլ պետք է փորձեն ընտրությունը խաթարել, բայց մենք վճռական ենք: Գիտակցում ենք, որ ընտրյալ պատրիարքը միայն եկեղեցու առաջնորդը չէ, այլև պետության դիմաց Թուրքիայի հայերի ներկայացուցիչը:
Մեր եկեղեցու տարակարծության խնդրում (հոգ չէ թէ ուշացած) Ձեր հայրական միջամտությունը գոհունակությամբ ողջունում ենք: Մենք’ Թուրքիայի հայերս որոշել ենք սեփական խնդիրները սեփական կամքով լուծել: Հանուն պատրիարքական ընտրության արդար ու թափանցիկ կայացման, խնդրում ենք, որ թելադրեք Արամ Սրբազանի հրաժարականը փոխանորդի պաշտոնից, ինչպես նաև եկեղեցու հոգևորականների կողմից իրենց ավանդական պարտականությունների կատարումից հետո ժողովրդի կամքի չեզոքությամբ ընդունելը: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ ընտրում ենք ոչ թե եկեղեցական համայնքը գլխավորող մի հոգևորական, այլ ամբողջ հայ հասարակությունը պետության ու օրենքների առաջ ներկայացնող մի առաջնորդի: Մտահոգվելով ու խնդիրները լուծելու ջանքով մեզ խրախուսել եք
Որդիական Սիրով՝
Տիգրան Ալթուն
Նազարէթ Պինաթլը
Բժիշկ Աւետիս Տէմիր
Խոսրով Քէօլէդաւիթօղլու
Կարօ Քաբրիէլեան
Դալար Հիսարլը Հորոզօղլու
Լուիզ Ալաչամ
Տոքթ. Ադամ Սարգիս
Նաթալի Պըլտըրճըն
Արփինէ Չիզմէճիեան
Կարպիս Էվեափան
Հրաչեայ Սուրէն
Նուարդ Պաքըրճըօղլու
Էլիզապետ Փէյնիրճի
Սուզան Սուզի
Սարգիս Քիչիկ
Արէն Տատըր
եւ այլք»: