Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ն երեկ ահազանգ էր ստացել, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:
Ահազանգի իսկությունը ստուգելու համար, որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին, սակայն նրանք խուսափեցին տնօրենի հանձնարարականի վերաբերյալ որեւէ բան ասել:
Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով: Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
– Ալո, բարեւ ձեզ:
– Բարեւ ձեզ:
– Տիկին Հակոբյան դո՞ւք եք:
– Այո:
– Ներողություն, ինձ պարոն Սահակյանի շտաբից էին ասել գրանցումների հետ կապված: Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ա գրանցվում, նորմա՞լ ա:
– Հա:
– Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցի ընտրությանը, պրոբլեմ չի լինի չէ՞:
– Եթե Արաբկիրում ա, չէ:
– Իսկ ընդե մի հատ նուրբ բան կար, Ազատության պողոտայի ինչ-որ մի մասն Արաբկիր ա, մյուսը՝ Քանաքեռը, մյուս մասը չի լինի չէ՞:
– Չէ, թող լինի, կասեք ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք:
– Հասկացա:
– Մենակ Արաբկիր հասցեն տաք մեզ: Ասեք, թե տվյալ հասցեում ով կա, որ մենք էլ տանք Արաբկիրում:
– Պարտադիր պետք ա ասվի չէ՞ պարոն Սահակյանի մասով:
– Հա, ըհն, իհարկե:
Նշենք, որ նման ահազանգերն առաջին անգամ չեն այս ընտրություններում: Մամուլում եղան հրապարակումներ, որ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը նույնպես իր աշխատակիցներին հրահանգում է գրանցվել Արաբկիր վարչական շրջանում, որպեսզի ապրիլի 2-ին ընտրությանը քվեարկեն իր օգտնին: Ի դեպ, Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը նույն ընտրատարածքում են նման մեթոդներով աշխատում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: