Որքան ընտրող կա ընտրացուցակներում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը երեկ հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները, սակայն դեռ չի հրապարակել ընտրողների թիվը: Վերջին անգամ 2015թ. սահմանադրական հանրաքվեից առաջ է հրապարակվել ընտրողների թիվը, եւ այն մոտ 1 մլն 550 հազար էր: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ոստիկանությունն այդ թիվը պետք է հրապարակի մարտի 3‐ին:
Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասաց, թե մինչեւ օրենքի սահմանված ժամկետի շրջանակներում այն չհրապարակվի, չի կարող պատասխանել հարցին, թե այս անգամ որքան ընտրող կա այդ ցուցակներում:
Մեր տեղեկություններով, այն կրկին լինելու այդ 1,5 միլիոնի շրջանակներում, պարզապես իշխանություններն այս անգամ որոշել են ընտրությունների մասնակցության թիվը որոշակի չափով նվազեցնել, որ այն արտացոլի նաեւ այս ընթացքում եղած արտագաղթի պատկերը: Բացի այդ, ներդրվող էլեկտրոնային քվեարկության մեխանիզմների ու ընտրողների ցուցակների հրապարակման արդյունքում դժվար կլինի լայնածավալ ընտրակեղծիքի դիմել ու մասնակցության մեծ քանակ ցույց տալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: