Բաժիններ՝

«Գարեգին Բ-ի հարազատ եղբայրը և Արամ Աթեշյանն անտիկվար իրերի բիզնես ունեն». Սարգիս Հացպանյան

Տարածաշրջանային հարցերի փորձագետ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ ներկայացրեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին, որին նախատեսվում է Պոլսո Պատրիարքի թեկնածուների՝ Արամ Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը:

Հանդիպան անհրաժեշտությունը ծագել էր Ստամբուլի հայ համայնքի Պատրիարքի փոխանորդ Աթեշյանից խիստ դժգոհության առիթով, որով համայնքում պահանջում են նոր Պատրիարքի ընտրություն անցկացնել։

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ ձևավորված թնջուկի պարզաբանման առնչությամբ Վեհափառը Հայաստան է հրավիրել Պոլսո պատրիարքի թեկնածուներ Արամ Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, սակայն Վեհափառի հետ սպասվող հանդիպմանը, ըստ բանախոսի ունեցած տեղեկությունների, ներկա չէ Արամ Աթեշյանը: Արհամարհե՞լ է նա կաթողիկոսի հրավերը, թե՞ այն մերժելու այլ պատճառ ունի, Հացպանյանը հստակ ասել չի կարող.

«Արդյո՞ք կաթողիկոսը կարող է հեռացնել Արամ Աթեշյանին: Մեր եկեղեցին նման իրավիճակում երեք ելք ունի, երեք պատիժ՝ 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով փիլոնազուրկ անել հոգևորականին, կախակայել՝ մինչև կաթողիկոսի նոր որոշումը՝ սառեցնել տվյալ անձի հոգևորական պարտականությունները, և վերջինը, որ մեր Վեհափառը երևի սովորություն է դարձրել և ամեն վեց ամիսը մեկ կիրառում է՝ հոգևորականին կարգալույծ անելու պատիժն է: Այս պարագայում, երբ գործ ունենք սրբապղծություն գործած հոգևորական Արամ Աթեշյանի հետ, ով Բունդեստագում տեղի ունեցած հայտնի բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահից գրեթե ներողություն խնդրելու հասնող անհեթեթ նամակի հեղինակն էր, որով նա պղծեց մեր 1,5 միլիոնից ավելի հասնող անմեղ, անթաղ զոհերի հիշատակը, ոչ մի տեսակի պատժի չարժանացավ:

Իմ կարծիքով՝ Գարեգին Բ-ի համար արգելակող հանգամանք է հանդիսանում իր հայտնի եղբոր՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Արամ Աթեշյանի բիզնես գործընկերության հանգամանքը: Նրանք միասին Ռուսաստանում անտիկվար իրերի բիզնես ունեն, և դա ծաղկեցրել են այն աստիճանի, որ միլիոնների հասնող եկամուտներ են ապահովում: Արամ Աթեշյանը ֆինանսների տեսակետից երևի ամենահարուստ հոգևորականն է, ով ամենատարբեր երկրներում բիզնեսներ, տներ և այլ տեսակի ֆինանսական եկամուտների աղբյուր ունի: Գարեգին Բ-ի հարազատ եղբոր հետ ունեցած բիզնես գործընկերության հանգամանքով եմ ես պայմանավորում կաթողիկոսի հանդուրժողական վերաբերմունքն Արամ Աթեշյանի նկատմամբ: Սա իմ անձնական տեսակետն է»:

Ըստ բանախոս Սարգիս Հացպանյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արամ Աթեշյանին պատժելու մտադրություն անգամ չունի: Եկեղեցին պետք է բացատրություն տա՝ ինչո՞վ է պայմանավորված տվյալ հոգևորականի ամենաթող վարքագիծը, որով պայմանավորված՝ Պոլսի հայկական համայնքում մեծ դժգոհության ալիք է բարձրացել, բայց եկեղեցին դեռևս լռում է: Թե ինչո՞ւ են լռում ողջ աշխարհով մեկ սփռված հայկական թեմերն այս առնչությամբ, ըստ Հացպանյանի, պայմանավորված է համընդհանուր վախի մթնոլորտով.

«Մենք առաջարկել ենք, որ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկի Արամ Աթեշյանի հարցը, և ի ուրախություն մեզ բոլորիս՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մարտի 6-10-ը Գերագույն հոգևոր խորհրդի նիստեր են նախատեսվում, որի ընթացքում այս անգամ Արամ Աթեշյանի հարցը ներառված է օրակարգում: Գերագույն հոգևոր խորհուրդը, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարձրագույն ներկայացուցչական կազմն է, Արամ Աթեշյանից կպահանջի իր արարքների պատճառաբանությունները և համապատասխան կեցվածք կդրսևորի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս