Բաժիններ՝

Տուգանքներ, լուսացույցներ, թեժ գիծ… ՃՈ համակարգի բարեփոխումների նոր հայեցակարգ է մշակվել

Ճանապարհային ոստիկանության համակարգում փոփոխությունները զգալի նոր խնդիրներ են առաջացրել։ Օրինակ՝ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգում առկա հիմնական խնդիրը վարչական ակտերի ծանուցումն է, որն իրականացվում է փոստի միջոցով, ինչպես նաև՝ կամավոր կերպով էլեկտրոնային եղանակով։

Տուգանքների կամավոր վճարումը կազմում է մոտ 75-80 %: Կիրառված մեղմացումը 2015-2016 թթ. էական ազդեցություն չունեցավ տուգանքների կամավոր վճարման տեսակարար կշռի վրա: Եվ տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 % ավելացումներ կատարելու ինստիտուտի կիրառման ընթացքում առաջանում են խնդիրներ:

Հաճախ վարչական ակտը ստանալու ամսաթվի մասին տեղեկատվությունը ՃՈ-ն փոստային ծառայությունից ստանում է ավելի ուշ, քան պետք է վարչական ակտով նշանակված գումարի վրա կատարեր ավելացում կամ ավելացված մասն ուղարկեր հարկադիր կատարման: Արդյունքում՝ առաջանում է կամ մեծ ռեսուրսներ պահանջող ոչ արդյունավետ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, կամ՝ վարչական մարմինը պետք է բեռը դնի քաղաքացու վրա, ինչը կհարուցի մարդկանց արդարացի դժգոհությունը:

Վարչական ակտերի հաշվառումն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տարեկան մոտ 500 հազար վարչական իրավախախտման արձանագրությունները և դրանց հիման վրա կայացված որոշումները ձեռքով են մուտքագրվում էլեկտրոնային ռեգիստր՝ այդ նպատակով ծախսելով բավականին ժամանակ և աշխատուժ:

Մի շարք խնդիրներ կան օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման, ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտներում, և այլն։

Այս խնդիրների լուծման նպատակով կառավարությունը մշակել է «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների նոր հայեցակարգ և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույց», որը հաստատելու համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախագիծն առաջիկա հինգշաբթի կներկայացնի գործադիրի նիստում։

Վարորդների համար առաջարկվող փոփոխություններից առավել նշանակալին, թերևս, կլինի տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 % չափով հաշվեգրվող ավելացումների դադարեցումը: Այդ նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Երևան քաղաքում տեղադրված լուսացույցների տեսանելիության խնդիրը լուծելու համար առաջարկվում է լուսացույցների տեղակայմամբ պայմանավորված լինելու դեպքում՝ լուսացույցները տեղափոխել և տեղադրել օրենսդրությամբ թույլատրելի այնպիսի տեղում, որտեղ որևէ արտաքին գործոն չի կարող սահմանափակել լուսացույցի տեսանելիությունը, անջատված վիճակում լուսացույցի լրացուցիչ սեկցիայի չերևալով պայմանավորված լինելու դեպքում՝ լուսացույցները, կամ փոխարինել և սեկցիայի դեպքում ևս օգտագործել եռագույն լուսացույց՝ համապատասխան ուղղությամբ սլաքներով, կամ՝ լուսացույցի եզրերը նշել մշտապես վառված վիճակում գտնվող լույսերով (ընդ որում, անջատված սեկցիայի պարագայում՝ սեկցիայի եզրերը՝ կարմիր գույնի լույսերով)՝ հստակ ընդգծելով լուսացույցի սեկցիայի առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս