Սամվել Բաբայան. «Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի». «Փաստ»
«Չնայած «Օհանյան» դաշինքի անդամ, «Համախմբման» նախագահ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությանն ու մամուլում տարածված տեղեկություններին, թե «Օհանյան» դաշինքի հետ կապված հնարավոր է քրգործ հարուցվի, Վարդանանց փողոցում գտնվող «Օհանյան» դաշինքի շտաբում երեկ «Փաստին» ասացին, որ իրավապահների կողմից իրենց հանդեպ հետաքրքրություն ու հետապնդում այս պահին չկա: «Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի: Մարդը 25 տարի իրենց հետ աշխատել է, որից 16 տարին Հայաստանում, 8–ը՝ Ղարաբաղում, կարային ձերբակալեին, քրեական գործ հարուցեին: Հիմա ուզում են մարդկանց վախեցնեն, ես տենց եմ հասկանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Սամվել Բաբայանը՝ շարունակելով.
«Քրեական գործերը իրենց վրա են հարուցվելու, թող մտածեն դրա մասին: Եթե մեկը պետական հանցագործ ա, ո՞նց կարա մյուսի վրա գործ հարուցի: Հա, կարան, ինչ ուզում են, կարան, իշխանությունն իրանցն ա: Ուզում են, քրեական գործ են հարուցում, ուզում են կրճատում են, բայց դա ցիրկ ա, էդ ցիրկին մենք չենք ցանկանում մասնակցել»: Ըստ Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարը, ըստ կանոնադրության, պատասխան չի տալիս, թիկունքի պետն ու նախարարի տեղակալներն են պատասխանատուները. «Եթե գործ ունեն հարուցելու, էդ մարդկանց պետք է ձերբակալած լինեն: Քանի չեն ձերբակալել, ուրեմն իմաստ չունի խոսել: Խոսակցություններ են գցում, որ մարդկանց շեղեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: