«Նոր Սահմանադրությունը նոր ուղի կբացի Արցախի ինքնուրույնության համար». Յարոմիր Շտետինա
«Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին»,- ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները՝ այսօր ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։
«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությանը հանրաքվեն նման կերպ կազմակերպելու համար: Այս հանրաքվեն նոր Սահմանադրության հետ համատեղ նոր ուղի կբացի Արցախի ինքնուրույնության համար»,- ասաց Շտետինան:
Ըստ նրա՝ հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: «Հանրաքվեի միջոցով ժողովուրդն արտահայտել է իր կամքը», – նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը։
Արցախի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեին ժամը 03:00 դրությամբ կողմ է քվեարկել 69 հազար 540` 87,6 տոկոս, դեմ` 7 հազար 686 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,44%։