Իրանը կոչ է արել Իրաքին պայքարել ավազամրրիկի դեմ
Իրանի իշխանությունները հարևան Իրաքին մեղադրել են ավազամրրիկի հետևանքների մեջ, որը երկրի հարավային նահանգում հանգեցրել է ջրի և էլեկտրականության լայնամասշտաբ անջատումների, ինչն իր հերթին դարձել է բողոքի պատճառ իրանական բնակչության շրջանում, գրում է Associated Press-ը։
Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբտեկարը կոչ է արել Իրաքին հետևել ավազամրրիկների կանխարգելման մասին համաձայնագրին։
Անցած շաբաթ Իրանի հարավային Ախվազ քաղաքում ավազամրրիկի հետևանքով տեղի ունեցած էլեկտրականության անջատումները բողոքի ակցիաներ էին առաջացրել։
Ցուցարարները պահանջել էին Էբտեկարի ու նահանգապետի հրաժարականը։
Երկրի հարավում ավազամրրիկները դեռ շարունակվում են, սակայն էլեկտրականության մատակարարումն արդեն վերականգնվել է, նշում է գործակալությունը։