Ոչ մեծ ինքնաթիռն ընկել է Մելբուռնի առեւտրական կենտրոնի շենքի վրա, կան զոհեր
Beechcraft King Air 200 ոչ մեծ տուրբապտուտակավոր ինքնաթիռն աղետի է ենթարկվել Էսենդոն օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է Մելբուռնի արվարձանում։
Ինքնաթիռն ընկել է DFO առեւտրական կենտրոնի շենքի տանիքի վրա եւ պայթել, դրա հետեւանքով շենքում հրդեհ է բռնկել: Ինչպես հայտնել է Վիկտորիայի նահանգի ոստիկանության փոխկոմիսար Սթիվեն Լինը, «ինքնաթիռում եղել է հինգ մարդ, դատելով ըստ ամենայնի՝ նրանք բոլորը զոհվել են»:
Ինքնաթիռը տեղական չարտերային չվերթ էր կատարում Քինգ կղզի, որը գտնվում է Վիկտորիայի նահանգի հարավային ափի մոտ: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա ուղեւորներն ամերիկացի զբոսաշրջիկներ էին, որոնք կղզի էին թռչում գոլֆ խաղալու:
DFO առեւտրական կենտրոնն աղետի պահին դեռ փակ է եղել այցելուների համար: Կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Փրկարարների տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ տեղեկացրել Է շարժիչների խափանման մասին:
Ինչպես հայտնել է Վիկտորիայի կառավարության ղեկավար Դենիել Էնդրյուսը, ինքնաթիռի այսօրվա կործանումը «նահանգում քաղաքացիական ավիացիայի ամենախոշոր աղետն է վերջին 30 տարվա ընթացքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: