Մալայզիայում մահացած Կիմ Չեմ Նամը պարանոյիկ էր. Էնթոնի Սահակյան. Guardian
Մալայզիայում անցած շաբաթ մահացած Կիմ Չեմ Նամն իշխանությամբ չէր հետաքրքրվում եւ խելացնոր (պարանոյիկ) էր: Այս մասին The Guardian-ին պատմել է նրա մանկության ընկերը՝ Էնթոնի Սահակյանը:
«Մենք քննարկում Էինք գործող ռեժիմը, նրա եղբորը եւ ԿԺԴՀ-ում տեղի ունեցող իրդարարձությունները: Ես կարող եմ ստույգ ասել մի բան. նա երբեք իշխանությամբ չԷր հետաքրքրվում»,- հայտարարել է Սահակյանը:
«Նա վախենում էր, դա համընդգրկուն վախ չէր, բայց նա պարանոյիկ էր: Նա քաղաքական առումով կարեւոր դեմք էր, նա մտատանջվում էր»,- հավելել է Սահակյանը:
Կիմ Չեն Նամը եւ Էնթոնի Սահակյանը ծանոթացել են, երբ դեռահասներ էին եւ սովորում էին շվեյցարական միջազգային դպրոցում: Վերջին անգամ ընկերները տեսնվել են, երբ Կիմ Չեն Նամը մի քանի ամիս առաջ ժամանել էր Ժնեւ:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Մալայզիայի Քուալա Լումպուրի օդանավակայանում փետրվարի 13-ին մահացած Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները կարող են հրապարակվել փետրվարի 22-ին, ինչի մասին հայտնել է Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթասիվամը:
Կիմ Չեն Նամի մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: