Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Իրանի հարցում թուրքական իշխանությունների վերջին հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պաշտոնական Թեհրանը դեսպան Ռըզա Հաքան Թեքինին իր խիստ դիտողություններն է արել` կապված Բահրեյնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մյունխենում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունների հետ:
«Թուրքիայի հարցում համբերատարություն ենք դրսևորում, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի: Եթե մեր թուրք ընկերները կրկնեն նման հայտարարությունները, մենք էլ չենք լռի և կփոխադարձենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Էրդողանը Բահրեյն կատարած այցի ժամանակ քննադատել էր Իրանին` ասելով, թե այդ երկիրն Իրաքում և Սիրիայում «պարսկական ազգայնականության» քաղաքականություն է վարում: Նմանօրինակ հայտարարություն էր արել նաև Չավուշօղլուն: