
ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել՝ կապված Վիտալի Չուրկինի մահվան հետ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել՝ կապված միջազգային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Հիշեցնենք, որ Վիտալի Չուրկինը փետրվարի 20-ին անսպասելիորեն մահացել է Նյու Յորքում՝ իր 65-ամյակից 1 օր առաջ։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի պաշտոնն նա զբաղեցնում էր 2006թ. ապրիլի 8-ից։
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները իրենց ցավակցություններն են հայտնել դիվանագետի ընտանիքին, ինչպես նաև Ռուսաստանի ժողովրդին ու կառավարությանը։
«Խորհրդի անդամները սգում են դեսպանի մահը, որը ավելի քան 40 տարի զբաղվել է դիվանագիտական աշխատանքով, գլխավորել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելությունը ավելի քան 10 տարի և որը փետրվարի 21-ին կդառնար 65 տարեկան»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթուղթն ընդունվել է միաձայն։
Իր ցավակցություններն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը, որը նրան ականավոր դիվանագետ է անվանել։