Թրամփը գեներալ Մաքմասթերին նշանակել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնը կզբաղեցնի գեներալ Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերը, տեղեկացնում է Reuters-ը:

Մինչ այդ Մաքմասթերը հրամանատարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Միացյալ Նահանգների բանակում, մասնակցել է Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված ռազմական գործողություններին:

Իր հերթին պաշտոնաթող գեներալ Քիթ Քելոգը, որը Մայքլ Ֆլինի պաշտոնաղողությունից հետո ժամանակավորապես կատարում էր խորհրդականի պարտականությունները, կղեկավարի ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը:
Թրամփը Մաքմասթերին լրագրողներին ներկայացրել է ֆլորիդայի իր նստավայրում:

«Գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմասթերը հսկայական տաղանդի ու փորձի տեր մարդ է»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

2014 թվականին Time հանդեսը Մաքմասթերին ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում՝ նրան բնութագրելով որպես զորահրամանատար-մտածող եւ ապագա բանակի ճարտարապետ:
Մաքմասթերն ունի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան, որը նա ստացել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:

Նա մասնագիտացել է ԱՄՆ-ի պատմության մեջ: 1997 թվականին Մաքմասթերը գրել է «Պարտքի խախտում» գիրքը, որում քննադատել է ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Վիետնամում:
Թրամփի նոր խորհրդականը հայտնի է որպես ուղղամիտ մարդ, ով բացահայտորեն հայտնում է իր կարծիքը եւ հաճախ քննադատում է իշխանությանը:

Տեսանյութեր

Լրահոս