Բանակից՝ ՏՏ ոլորտ. Շուրջ 40 նախկին զինծառայողներ կստանան անվճար մասնագիտական դասընթացներ
Ինչպես 168.am-ը տեղեկացրել է, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ապրիլյան պատերազմից հետո հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Բանակից՝ ՏՏ ոլորտ» կրթական ծրագիրը: Այն նպատակ ունի լուծել զորացրված երիտասարդների աշխատանքի և կարիերայի առաջընթացի խնդիրը ու միաժամանակ բավարարել նաև ՏՀՏ ոլորտի մասնագիտական պահանջարկը: Ծրագրին աջակցում է նաև Զբաղվածության պետական գործակալությունը՝ ֆինանսավորելով զորացրված և գործազուրկ երիտասարդների դասընթացները, որոնք անցկացվում են 80 երիտասարդների համար Երևանում և մարզերում գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում: Այս պահին «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրկված երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 140-ի:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Սիներջի» ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը զորացրված զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նշեցին, որ ծրագրի շրջանակներում «Սիներջի» ընկերությունը կիրականացնի անվճար ծրագրավորման դասընթացներ շուրջ 40 զորացրված զինծառայողների հետ:
Կարեն Վարդանյանը նշում է, որ շատ ուրախ է, որ միության անդամ կազմակերպությունը՝ ի դեմս «Սիներջի» ընկերության, անգնահատելի ներդրում է կատարում հայրենիքի պաշտպան տղաների տեխնոլոգիական կրթության ոլորտում: Ըստ Կարեն Վարդանյանի՝ շատ կարևոր է զինծառայություն անցած և ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը:
Խոսելով դասընթացի մասնակից երիտասարդների հետ՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը նշում է, որ թիմը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանության մեջ զինծառայողների ներդրումը և ցանկանում է ամեն կերպ աջակցել երիտասարդներին:
«Սիներջի» ընկերության կողմից անցկացված նախնական թեստավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux և QA manual: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավորություն կստանան «Սիներջիում» կամ այլ ընկերությունում:
Նշենք նաև, որ «Սիներջին» մասնագիտացած է կոմպյուտերային համակարգերի և ծրագրերի ապահովման մեջ: Ընկերության լուծումները կիրառվում են 60-ից ավելի երկրներում արդեն շուրջ 20 տարի: Գլխավոր մասնաճյուղը գտնվում է ԱՄՆ-ում, գրասենյակներ են գործում Երևանում, Արցախում և Գյումրիում:
Սիրարփի Աղաբաբյան