«Մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ, իրենց շինածն էլ տեսնում ենք». Հրանտ Բագրատյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում ընդգրկված Հրանտ Բագրատյանը խոսեց նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից բարձրաձայնված ավանդների վերադարձի և բանակում 18 տարեկան երիտասարդների ծառայությանը դեմ լինելու մասին:
Նա նշեց, որ իրենք ավելի վաղ են արտահայտել բանակը վերակառուցելու գաղափարը. «Ես չեմ պատրաստվում այստեղ քննարկել ուրիշ կուսակցությունների կարծիքը: Բոլոր ռազմական հաջողությունները եղել են այն ժամանակ, երբ ես վարչապետ էի: Ես ինձ չեմ վերագրում, բայց այդ ժամանակ է եղել: Մենք կողմ ենք, որ բանակն անցնի վճարման հիմունքներով ծառայելուն»:
Ինչ վերաբերում է ավանդների վերադարձին՝ Հ. Բագրատյանի խոսքով՝ այդ սխեման ձեռառնոցի է. «Մենք պետք է հասկանանք, որ ավանդները պետական պարտք է, կառավարության այդ որոշումը ոչ մեկը չեղյալ չի հայտարարել: Մենք դեմ ենք` մեկը երեսունի դիմաց վերադարձ կազմակերպել, հետո ասել՝ տեսեք, ժողովուրդ, ինչ ենք արել»:
Լրագրողի հարցին, թե՝ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է խոսում բիզնեսն ակտիվացնելու, ներդրումների մասին, ի՞նչն է, որ նա չի կարող անել, Դուք կարող եք, Հ. Բագրատյանն այսպես արձագանքեց. «Աղջիկ ջան, այսքան բացատրել եմ, մինչև հիմա չե՞ս հասկացել: Ես գոնե այն մարդն եմ, որ միշտ հետևից լուծումն էլ է ասել: Սկսենք նրանից, թե ինչո՞ւ Կարեն Կարապետյանի մոտ այս պահի դրությամբ դեռ չի ստացվել: Ներդրումային բոլոր ֆոնդերի կարգավորումը տրվեց Կենտրոնական բանկին: Կարեն Կարապետյանը պետք է սեպտեմբերին կանգնեցներ Հարկային օրենսգիրքը, որտեղ ներդրումների առումով փոքրն ավելի շատ է հարկվում, քան խոշորը, չի կանգնեցրել: Արդյունքում՝ գործող վարչապետը, գործող ՀՀԿ-ն ներդրումները պատկերացնում են այսպես՝ որ կկանչեն մի ռուսահայ բանի, ներդրում կանի կապիտալով: Ներդրումները ներքին խնայողության արդյունք են, և ես չեմ կարողանում այսօր կառավարությունում բացատրել, որ, ընկերներ, միջավայրն այնպես արեք, որ նույնիսկ 100 դոլարանոց մարդը ներդրումներին մասնակցի»:
Հ. Բագրատյանի խոսքով՝ Հայաստանում չկա ոչ մի նորմալ ներդրումային ֆոնդ. «Մեր ժողովուրդը չի աշխատում մեր երկիրը շինելու վրա: Մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ, իրենց շինածն էլ տեսնում ենք՝ օրը մեջ մի մոլ է բացվում, ամեն մի մոլը, որ բացվում է, փակում է 2000 հատ խանութ: Ներդրում անող է եղել Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ամեն մեկն իր նախագահության ընթացքում 200 հազար աշխատատեղ է ստեղծել, եղա՞վ 400 հազար, իսկ դուք գիտե՞ք, որ 450 հազարով աշխատատեղերը պակասել են վերջին 20 տարում: Այսինքն՝ 400 հազարը ստեղծվել է, 850 հազարը՝ պակասել: Ըտենց ներդրում մի արեք, եղբայր, նման ներդրումները պահեք ձեզ»:
Նա նշեց, որ ինքն այդ ամենը բացատրել է և՛ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին, և՛ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Նրանք երկուսն էլ ինձ ասել են՝ լրիվ նույն կարծիքին ենք: Ես նրանց բացատրել եմ՝ ինչու էր Տիգրան Սարգսյանը սխալ ու երբեք հաջողության չէր հասնի: Նա սխալ էր՝ մակրոէկոնոմիկա չիմանալու պատճառով, երբեք չէր անցել այդ առարկան, չէր կարդացել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: