![](/banners/BeFunky-design.jpg)
Հրանտ Բագրատյանը Հակոբ Բեգլարյանին է համարում իր մրցակիցը
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/Bagratyan-2.jpg)
«Ես ձեզնից չեմ թաքցնում, 2016 թվականի փետրվարին դիմել եմ 6 կուսակցության, ասել եմ՝ եկեք վիճակահանությամբ ամեն մեկս 100 հազար դոլար դնենք, որ չգնանք իշխանությունից փող խնդրելու: Հանդիպել եմ բոլորի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Հրանտ Բագրատյանը, ով կուսակցության վարչապետի թեկնածուն է:
Նա նշեց, որ հանդիպել է բոլոր ուժերի հետ, սակայն ոչ մեկից հստակ պատասխան չի ստացել. «Ե՛վ առաջին նախագահի հետ եմ հանդիպել, և՛ Լևոն Զուրաբյանի հետ եմ հանդիպել: Պատասխանել են՝ «մենք խոշոր ենք, միավորվենք, բայց 3 հոգի մեզնից, 1՝ ձեզնից»: Ասեցի՝ «տենց չի լինի, տղերք»: Կներեք, ես չեմ կարող գնալ ՀԱԿ-ում 7-րդ համարը դառնալ, բացի առաջին նախագահից՝ չեմ տեսնում մյուս հինգ հոգուն, որ ինձնից բարձր են: Դիմել եմ Րաֆֆուն, գնացել եմ «Ժառանգության» գրասենյակ, Մարտիրոսյան Արմենի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եմ խոսել, ասել են՝ «մենք ձեզ կպատասխանենք համագումարից հետո», համագումարից հետո ոչ ոք չի պատասխանել:
Դա կուլտուրայի տեսակետից էլ է անընդունելի: Մի քանի անգամ դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, սկզբում ասել է՝ մենք «Քաղաքացիական պայմանագրով» ենք գնում, հետո նոյեմբերին Սասուն Միքայելյանն իրենց համագումարից հետո հրավիրեց՝ 3 անգամ խոսեցինք և մինչև նոյեմբերի 20-ը պետք է պատասխաներ, չպատասխանեցին: Ես հայտարարեցի, որ այլևս ուշ է, ես ինձ վարչապետ եմ տեսնում: Դրանից հետո նորից զիջել եմ, նորից Նիկոլ Փաշինյանը զանգել է, ասել է՝ պետք է համաձայնեցնեն Էդմոն Մարուքյանի հետ, էլ չի զանգել: Ես սա պարտավոր եմ ասել մարդկանց»:
Հ. Բագրատյանը նշեց, որ ինքը Կենտրոնում է առաջադրվել: Նրա համար մրցակից է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Հակոբ Բեգլարյանը. «Հարգում եմ իրեն, բայց իմ կարծիքով՝ իմ պայքարի իմաստը դա է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: