«Ես Քրիստոսը չեմ, ոչ ոք Քրիստոսը չի՝ բացի Քրիստոսից». Հրանտ Բագրատյանը պատմեց իրենց ստացած ահազանգերի մասին

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում ընդգրկված Հրանտ Բագրատյանը վատ չի զգում, որ իրենց ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց պետք է ընտրեն մի քանի պատճառներով.

«Մեզ պետք է ընտրեն, որովհետև, երբ վարչապետ եմ եղել, պատերազմական բոլոր հաղթանակները, բացի Շուշիի գրավումից, այդ ժամանակ են եղել: Մեզ պետք է ընտրեն, որովհետև ազատական մտածելակերպի մարդիկ ենք: Մեզ պետք է ընտրեն, որովհետև մենք ուզում ենք կառավարությունը տեղը դնենք, կառավարության ֆունկցիաներից կեսից ավելին արդեն տվել են Կենտրոնական բանկին, տեղի է ունենում գործադիր իշխանության լողացող էռոզիա: Ես չեմ տեսնում կառավարության մեջ մեկին, որ ավելի լավ է պատկերացնում պետական կառավարումը:  Մենք ազատական ենք, մենք շատ քննադատորեն ենք մոտենում ԵՏՄ-ին: Չեմ տեսնում մեկ այլ մոտեցում այս պայմաններում, որը կարդարացնի և երկիրը դուրս կբերի այս իրավիճակից: Ինձ թվում է՝ նույնիսկ ճար չունեն, մեզ պետք է ընտրեն»:

Նա նշեց, որ իրենց մրցակից է համարում իշխանական ուժերին՝ ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին.

«Կուզենայի խոսել ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի մասին: Բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են հայտարարում, մենք այդպես էլ ընդունում ենք: Վաղը ՀՀԿ-ն կհայտարարի ընդդիմություն, մենք դա կընդունենք»:

Հ. Բագրատյանը հայտնեց, որ իրենք արդեն ընտրակեղծիքների մասին ահազանգեր են ստացել, մասնավորապես՝ մարդկանց այլ վայրերում են գրանցել, հեռախոսներ են բաժանել.

«Ահազանգ ունենք, որ մոտեցել են մարդուն ու ասել, որ՝ այսքան փողը քեզ չէր խանգարի, փաստեր կան, որ հեռախոս են խոստացել»:

Նա նշեց, որ ՀՀԿ-ից բացի, մեկ այլ ուժ էլ է ներգրավված այս ամենում, բայց դեռ չի ուզում ասել՝ որ ուժն է: Հ. Բագրատյանի խոսքով՝ եթե ժողովուրդն ուզում է գնա-վերցնի այդ կաշառքը, իրենք այդտեղ ոչինչ չեն կարող անել.

«Ես ահազանգերն ասացի, անբիծ ընտրություն չի լինելու: Ես գիտեմ, որ մարդկանց կաշառելու են: Մենք ամեն ինչ արել ենք, որ տեղամասում այդ խախտումը չլինի: Ես Քրիստոսը չեմ, ոչ ոք Քրիստոսը չի՝ բացի Քրիստոսից, ժողովուրդը չպետք է վերցնի, մենք ի՞նչ անենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս