Բաժիններ՝

«Գազի գումարը ֆիքսել են հունվարի 3-ին, սպառողը վճարել է ավել, 5%-ի չափով նվազումը չեն հաշվել». Բաբկեն Պիպոյան

«Իրականում մեր սպառողների 95%-ի մոտ գազի համար վճարված գումարը հունվարին կազմել է ավելի շատ, քան դեկտեմբերին, այնինչ մենք ակնկալում էինք, որ դեկտեմբերին ավելի քիչ ենք վճարելու, քան հունվարին՝ հաշվի առնելով սպառման ծավալը և այն հանգամանքը, որ գազի գինը նվազելու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Խոսելով քաղաքացիների սպասելիքներից և իրականությունից ՝ Բաբկեն Պիպոյանն ասաց.

«Հասարակական ընկալումներն ու իրականությունը շատ հաճախ իրար հետ աղերս չեն ունենում: Նոր վարչապետ եկավ, առաջին հանձնարարականը տվեց՝ վերանայել գազի, էլեկտրաէներգիայի սակագները: Սրանից հետո ակամա ժողովուրդը սպասում էր, որ էժանացում է տեղի ունենալու, ու Հայաստանը «Սինգապուրի վերածելու» առաջին գործընթացը սկսվել է հենց գազամատակարարման խնդրից»:

Անդրադառնալով այս խնդիրը վերացնելու ուղղությամբ գործադիր իշխանության կատարած աշխատանքին՝ Բաբկեն Պիպոյանն ասաց.

«Ամենամեծ խնդիրը նրանումն է, որ հասարակության դժգոհությունների հետևից գնացող չկա գործադիր տիրույթում: Եթե կա չարաշահում, ապա դա ոչ թե ինստիտուցիոնալ մակարդակում է, այլ տեղային: Պատահական չէ՝ քաղաքացիների մոտ ձևավորվել է կարծիք, որ իրենք դեկտեմբեր ամսվա համար վճարել են ավել գումար: Գազի տեսուչն ասել է, որ հունվարի մեկին, երկուսին ոչ աշխատանքային օր է եղել, և գազի սպառումը ֆիքսվել է հունվարի երեքով: Այսինքն՝ դեկտեմբերին ավել եք վճարել, հունվարին կվճարեք պակաս: Մարդիկ սկսեցին ահազանգել այն ժամանակ, երբ հունվարին վճարեցին ավել, այլ ոչ պակաս: Բայց բոլոր տեսուչները ամսի մեկով ստացել են աշխատավարձ, որ ամսի մեկին կարողանան գնալ և հաշվառում իրականացնել»:

Թե ի՞նչ կլինի իրենց աշխատանքը լավ չկատարած տեսուչների հետ, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց.

«Կիրականացվի վերահաշվարկ, և, եթե տեսուչներն առանձին օղակներում թույլ են տվել չարաշահումներ, կկրեն համապատասխան պատիժ»:

«Սպառողներին հորդորում ենք լինել ակտիվ և հնարավոր բոլոր օղակներով իրազեկել, եթե նման խնդրի բախվել են. գազի գումարը ֆիքսել են հունվարի 3-ին, սա նշանակում է, որ նա վճարել է ավել, այսինքն՝ 5%-ի չափով նվազումը չեն հաշվել: Այդ տեղամասում գործում է ոչ բարեխիղճ տեսուչ: Այս խնդիրները բացահայտելու գործում իր ներդրումը պետք է ունենա հենց սպառողը»,- ավելացրեց Բաբկեն Պիպոյանը:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի վճարներին՝ նա նշեց.

«Նույն պատկերն է նաև էլեկտրաէներգիայի շուկայում: Այստեղ էլ հիասթափություն առաջացավ սպառողների մոտ այն փուլում, երբ հայտարարեցին, թե ինչքանով է նվազում, քանի որ շատ ավելին էին սպասում: Որպես գործադիր իշխանություն՝ մենք ձևավորում ենք հասարակական սպասումներ, բայց չենք գնում այս սպասումների հետևից: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք. ունենք ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, ունենք փաստեր, որոնք մեզ չեն գոհացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս