Բաժիններ՝

Բջջային կապի օպերատորների լիցքավորման քարտերը թանկացել են

«Ունենք հերթական թանկացում. ունենք բջջային երեք օպերատոր, և երեքն էլ միաժամանակ թանկացրել են լիցքավորման քարտերի գները: Եթե մի փոքր ուսումնասիրություն արվեր, կպարզվեր, որ ներքին պայմանավորվածություն է եղել երեք օպերատորների միջև, որոնք այնպես են արել, որ փոքր և միջին բիզնեսը, և նաև իրացնողը սրանից չդժգոհի: Եթե ժամանակին իրացնողին 500 դրամանոց քարտի մեջ մնում էր 12 դրամ, ապա հիմա մնում է 28 դրամ: Այն ժամանակ վաճառում էին 485 դրամով, հիմա վաճառում են 530 դրամով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Իսկ թե ի՞նչ է անում պետությունն այս խնդրի ուղղությամբ, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց.

«Պետությունը չի կարող անտարբեր լինել այն բանի հանդեպ, որ մի քանի խոշոր բիզնես համատեղ պայմանավորված գործունեություն է կատարում, ինչն էլ, ի դեպ, տանում է գնաճի: Քանի որ, եթե գնի բարձրացման հանդեպ անտարբեր է պետությունը, ուրեմն կամ աշխատել չգիտի, կամ չի աշխատում:

Գործադիր իշխանության դերը լավ միջավայր ստեղծելն է, բիզնեսն ազատականացնելն է, բայց ոչ վայրագացնելը ու ոչ բիզնեսի հետ ընկեր դառնալը: Պետք է մշակել համապատասխան զսպաշապիկներ, որ որոշակի իմաստով գների կարգավորում լինի: Բիզնեսը միշտ ուզում է հնարավորինս շատ աշխատի, իսկ պետությունն էլ նրա համար է, որ հնարավորինս զսպի՝ ասելով՝ «աշխատում ես, լավ ես անում, բայց ամեն ինչ ունի չափ»: Պետք է գործի դնի այնպիսի մեխանիզմներ, որ գնաճը չհասնի առավելագույնի»:

Ըստ բանախոսի՝ «Մոլորություն առաջացավ նաև այն ժամանակ, երբ համարների փոխանակման ծառայությունը մտավ մեր իրականություն: Մի օպերատորի համարը պահպանվում է, բայց օպերատորը փոխվում է: Տեխնիկական լուծում պետք է տալ նաև սրան: Երբ զանգենք օպերատորին, պետք է տեղեկանանք, թե որ տիրույթում է տվյալ բաժանորդը՝ ռիսկերը նվազեցնելով կամ հասցնելով 0-ի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Իսկ թե որո՞նք են այս պայմանավորվածության պատճառները, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. սա կարող է ունենալ երկու պատճառ. Նախ՝ գումար աշխատել, և երկրորդ՝ մարդկանց ուղղորդել սեփական գրասենյակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս