«Սա պատմական ասուլիս է. այս օրվան տասնամյակներ ենք սպասել». Ժիրայր Դադասյան
«Սա պատմական ասուլիս է, որովհետև այս օրվան տասնամյակներ ենք սպասել: Այս օրն իրականություն դարձավ, և մենք արդեն անհամբեր ենք, որպեսզի ավարտուն տեսքով տեսնենք մեր նոր շենքը»,- այսպես է մեկնարկում այսօր հրավիրված մամուլի ասուլիսը Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ լրագրողներին ներկայացնելով թատրոնի շենքի խնդրի լուծմամբ պայմանավորված Մնջախաղի պետական թատրոնի ծրագրային նոր շեշտադրումներն ու ընթացիկ տարվա աշխատանքները:
Ժիրայր Դադասյանը խոստանում է՝ այն միջավայրը, որ իրենք կստեղծեն այնտեղ, կդառնա մեր քաղաքի փոքրիկ, գողտրիկ անկյուններից մեկը.
«Սա միայն թատրոնի համար նախատեսված տարածք չի լինելու: Բացի թատրոնը, կան շատ խմբեր, երիտասարդներ, անհատներ, ովքեր ունեն ցանկություն, բայց չկա հնարավորություն զբաղվելու իրենց սիրելի աշխատանքով: Բացի այդ, մեր փոքրիկ դահլիճը, որ ենթադրում եմ՝ նախատեսված կլինի մինչև 150 հանդիսատեսի համար, բացի ներկայացումներից, միշտ ծանրաբեռնված կլինի նաև համերգային միջոցառումներով, ցուցահանդեսներով, և առհասարակ մշակութային կենտրոն կդառնա մեր քաղաքի համար»:
«Մնջախաղի թատրոնի երկար տարիների երազանքն իրականություն դարձավ նախարար Արմեն Ամիրյանի ջանքերով,- ասում է Ժիրայր Դադասյանն ու հավելում,-
Ավելի ակնհայտ և իրական փոփոխություններ պարզապես անհնար է պատկերացնել, երբ տասնամյակներ շարունակ մեր չլուծված խնդիրն ընդամենը մի քանի ամսում գտնում է իր հանգուցալուծումը: Ես համոզված եմ, որ դեռ կուտակված շատ խնդիրներ լուծվելու են մշակութային այսպիսի քաղաքականության որդեգրման միջոցով: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաև հանրապետության նախագահին, որովհետև իր հանձնարարականով այս տարի կսկսվեն թատրոնի նորոգման աշխատանքները»:
Ժիրայր Դադասյանը, թատրոնի վերանորոգման աշխատանքների հետ կապված, լրագրողների համար բացահայտում է փոքիկ գաղտնիք.
«Նախարարն առաջարկել էր, որ այս տարվա ընթացքում կատարվեն նախագծային աշխատանքները, իսկ արդեն եկող տարվա բյուջեով նախատեսվեն վերանորոգման ծախսերը, բայց հանրապետության նախագահը պնդել է, որ հենց այս տարի սկսվեն նաև վերանորոգման աշխատանքները: Հետևաբար՝ մենք պլանավորել ենք, որ մինչ ամառ կավարտվեն նախագծման աշխատանքները, իսկ ամռան ընթացքում կսկսվեն և կավարտվեն վերանորոգման աշխատանքները»:
Ժիրայր Դադասյանը երկար սպասված մեծ նվերի համար շնորհակալություն հայտնեց թատրոնի բոլոր ժամանակների անձնակազմերին՝ սկսած 1974 թվականից մինչ օրս, ժանրի անդավաճան հանդիսատեսին, ինչպես նաև իր տիկնոջը, ով տարիներ շարունակ դիմացավ թատրոնին բաժին ընկած ճակատագրին: