«Ինչ տեղի է ունեցել ազգային ազատագրական պայքարի տարիներին, մեզ բերել է գերությունից ազատվելու հնարավորություն»

Ստեփանակերտի 3/3 ընտրատեղամասում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվերակությանը մասնակցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Այսօր մեր ազգային ազատագրական շարժման և պետականության վերակերտման սկիզբն է։ Սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում»,- այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Բակո Սահակյանը։

Նախագահի խոսքով՝ այս տարիները լավագույն ապացույցն են՝ Արցախը ճիշտ ուղի է ընտրել, և սահմանադրական հանրաքվեով Արցախի քաղաքացիները իրենց հավատարմությունն են հայտնում այն արժեքներին, որոնցով առաջնորդվել են այս տարիների ընթացքում։

«Համոզված եմ՝ ինչ տեղի է ունեցել ազգային ազատագրական պայքարի տարիներին, մեզ բերել է գերությունից ազատվելու հնարավորություն, մեզ համար ստեղծել է նպաստավոր պայմաններ՝ մեր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, և մենք հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր կողմից երազած ապագան», – ընդգծեց Սահակյանը։

Նա ասաց, որ, այս նախաձեռնության նպատակը պարզ է և այլ կերպ մեկնաբանողները ոչ միայն սխալ են, այլև ազնիվ չեն: «Այս քայլով մենք հետապնդում ենք մեր երկրի զարգացման և շենացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու նպատակը։ Սահմանադրական բարեփոխումները ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու համար են, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելուն»,- ասաց Բակո Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս