
Հրանտ Բագրատյանը չի ցանկացել ՀԱԿ-ի ցուցակի 7-րդ համարը լինել

Աժ պատգամավոր, խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Հրանտ Բագրատյանը մանրամասներ ներկայացրեց ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժերի հետ ունեցած բանակցություններից: Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, որ 2016թ. փետրվարին դիմել է 6 կուսակցությունների` ընտրություններին համատեղ ուժերով մասնակցելու համար:
«Հանդիպումներ եմ ունեցել ՀԱԿ կուսակցության անդամների հետ: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եմ հանդիպել, հետո Լևոն Զուրաբյանի: Ինձ ասում են միավորվենք, ցուցակում 3 մարդ մեզանից լինի, մեկը` ձեզանից: Ես չհամաձայնեցի այդ տարբերակին»,- նշեց Բագրատյանը:
Նա հավելեց, որ չէր կարող գնալ և ՀԱԿ-ի ցուցակում 7-րդ համարը լինել: Բագրատյանի խոսքով` այդ կուսակցությունում բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, ուրիշ մեկին չի տեսնում, որ իրենից բարձր անձ լինի:
Բագրատյանը բանակցություններ է վարել նաև «Ժառանգություն» կուսակցության հետ, սակայն քննարկումները արդյունք չեն տվել: «Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց ժամանակ տալ քննարկելու համար ու խոստացավ զանգահարել, տեղյակ պահել, բայց այդպես էլ մինչև հիմա չի զանգել»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը:
Ընտրություններում միասնական ուժերով հանդես գալու վերաբերյալ Հրանտ Բագրատյանը քննարկումներ է ունեցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ: Սկզբում Փաշինյանն ասել է, որ իրենք ընտրություններին մասնակցելու են իրենց կուսակցությամբ: Այնուհետև, երբ չի բացառվել տարբերակը, որ ՔՊ-ն կարող է դաշինքով մասնակցել, Բագրատյանը կրկին քննարկումներ է սկսել կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հարկավոր է համաձայնեցնել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ, խոստացել է արդյունքների մասին տեղյակ պահել, սակայն Բագրատյանին մինչ օրս որևէ բան չեն ասել: