«Բուհը չի կարող կախված լինել ուսանողի վարձավճարից». Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ, որին  ներկա են եղել Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերի տնօրենները, ինչպես նաև կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, բուհի պրոռեկտորները:

ԿԳ նախարարը, դիմելով ներկաներին՝ նշել է, որ բուհի իրավական կարգավիճակի փոփոխության հարցը՝ ՊՈԱԿ-ից  վերակազմավորվել հիմնադրամի, ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը:

«Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի` բոլոր բուհերը պետք է ունենան հիմնադրամի կարգավիճակ, որպեսզի կարողանան զարգացում ապահովել: Մենք ակնկալում ենք, որ նոր կարգավիճակը կնպաստի, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան առավել հետևողական և արդյունավետ իրականացնի իր հիմնական առաքելությունը և կարողանա նոր տեմպ տալ զարգացմանը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կարգավիճակի փոփոխությունը առավել ճկուն հնարավորություններ է ստեղծում արվեստի  բուհերի ցանց և միասնական կլաստեր ստեղծելու տեսանկյունից:

Նախարարի խոսքով՝ առաջնային խնդիրներից մեկը բուհի միջազգայնացումն ու ուսանողների շարժունության խրախուսումն է.

«Մենք Հայաստանում այսօր ունենք մի պատկեր, երբ դեպի դուրս՝ օտարերկրյա բուհերի հետ շարժունությունն ավելի արդյունավետ է իրականացվում, քան ներսում՝ մեր բուհերի միջև: Ես կարծում եմ, որ մենք պետք է այստեղ որոշակի չափանիշներ սահմանենք, որպեսզի շարժունությունը դառնա պարտադիր նորմ. օրինակ, եթե ուսանողը բուհում պետք է ստանա պայմանական 10 կրեդիտ, ապա նա պետք է 3 կրեդիտն այլ բուհից բերի՝ իր ցանկությամբ: Սա շատ կարևոր բարեփոխում է, որին մենք անհրաժեշտաբար պետք է գնանք, քանի որ այդպես է ողջ աշխարհում՝ և ամերիկյան, և զարգացած եվրոպական  բուհերում: Շատ կարևոր է, որ բուհերը գիտակցեն, թե ինչ կտա շարժունության հնարավորությունը կոնկրետ իրենց:

Օրինակ, եթե Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան թողարկում է արվեստի բարձրակարգ  մասնագետների, ապա այդ նույն մասնագետները պետք է  իրավունք ունենան որոշակի կրեդիտներ ստանալ նաև մանկավարժական համալսարանում, որպեսզի ստանան նաև մանկավարժի որակավորում, այսինքն՝ ունենան դասավանդման իրավունք»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ  այստեղ խնդիր կարող է առաջանալ մասնագիտությունների նկարագրման և կրեդիտների արժեքի հաշվարկման հարցում:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը մշակվել է նշված հարաբերությունները կարգավորելու սկզբունքով:

Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, անդրադառնալով միջազգայնացման գործընթացին, տեղեկացրել է, որ Երևանի գեղարվեստի ակադեմիան ներգրավված է «Տեմպուս» և «Էրազմուս+» միջազգային ծրագրերում: Ռեկտորը որպես մտահոգություն նաև նշել է, որ բուհական համակարգում մասնագիտությունների և որակավորումների որոշակի խառնաշփոթ է առաջացել, որը բերել է առանձին մասնագիտացումների խաթարման. «Մենք հույս ունենք, որ նախարարությունը, որպես կրթության քաղաքականությունը իրականացնող լիազոր մարմին, առավել հետևողական կլինի այս հարցում, որպեսզի, մասնավորապես արվեստի բուհերը, տվյալ ոլորտում  նեղ մասնագիտական պրոֆիլ ունենան և այս առումով մրցակցությունն էլ լինի առողջ»,- իր խոսքում նշել է Արամ Իսաբեկյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի ֆինանսավորման խնդրին: Նախարարի խոսքով՝ այսօրվա պատկերը մտահոգիչ է.

«Երբ մենք նայում ենք բուհերի բյուջեների կառուցվածքին, տեսնում ենք, որ մոտ 20 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացածն ուսանողներից գանձված վարձավճարներն  են: Այս մոտեցումը չի կարող հեռանկարային լինել, որովհետև բուհը  ուղիղ գծով կախված է ուսանողի վճարած ուսման վարձից: Սա շատ վտանգավոր միտում է  նաև կրթության որակի տեսանկյունից, որովհետև նման իրավիճակում բուհը ոչ մի դեպքում չի ուզում հրաժարվել վատ սովորող ուսանողից»,- նշել է ԿԳ նախարարը: Մինչդեռ, ինչպես նախարարն է նշել, աշխարհի առաջատար բուհերում, որտեղ պետության ամբողջական ֆինանսավորում չկա,  բուհական բյուջեներում ուսանողների վարձավճարները 30 տոկոսից չեն անցնում: «Եթե այդ հարաբերակցությունը խախտվում է և ուսանողների վարձավճարների տեսակարար կշիռը գերազանցում է  բյուջեի 30 տոկոսը, ապա  տվյալ համալսարանի ղեկավարությունը սկսում է անհանգստանալ: Մեր բուհերը ևս պետք է լրջորեն մտածեն այս ուղղությամբ, այլապես մենք որևէ զարգացում չենք ունենա, առավել ևս, որ առաջիկա մեկ-երկու  տարիներին  դիմորդների աճ չի կանխատեսվում»,- նշել է ԿԳ նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերի գործուենության արդյունավետությանը:

Տեսանյութեր

Լրահոս