Բաժիններ՝

Չինաստանը 1 էքսաֆլոփս հզորությամբ գերհամակարգիչ է ստեղծում

Չինացի մասնագետները պլանավորում են 2018 թվականին ստեղծել նորագույն գերհզոր համակարգիչ, որի արտադրողականությունը կկազմի վայրկյանում 1 Էքսաֆլոպս (քվինտլիոն (10-ի 18-րդ աստիճան) գործողություն լողացող ստորակետով): Այս մասին հայտնել է China Daily թերթը՝ վկայակոչելով Տյանցզին քաղաքի (Հյուսիսային Չինաստան) Գերհամակարգիչների պետական կենտրոնը:

Նախագծի պատասխանատու Մեն Սյանֆեյի խոսքով՝ Tianhe-3 անվանման ներքո մշակումը կդառնա «աշխարհում ամենաառաջավորը՝ գերազանցելով առկա բոլոր նմանակներին»: Այն տասնյակ անգամ կգերազանցի Sunway TaihuLight-ին՝ TOP500 վարկածով ամենահզոր համակարգչին, որը գործարկվել էր 2016 թվականի նոյեմբերին:
«Ընթացիկ տարում Չինաստանը պատրաստվում է ճեղքում կատարել այս ուղղությամբ՝ ինչպես պրոցեսորի, այնպես էլ ուղեկցող տեխնոլոգիաների առումով: Դրա շնորհիվ կստեղծվի Էքսաֆլոփսային արտադրողականությամբ գերհզոր հաշվիչ մեքենայի նախատիպ: Փաստորեն մենք կանգնած ենք համակարգիչների արտադրողականության նոր աստիճանի շեմին: Դա ՉԺՀ-ում տեղի կունենա ավելի արագ, մեծ ճշգրտությամբ եւ մի շարք բարդագույն գիտական խնդիրների լուծման լայն ընդգրկումով»,- հայտարարել է գիտնականը:

Մասնավորապես, այս մեքենան պլանավորվում է օգտագործել գենային ինժեներիայի բնագավառում՝ սպիտակուցների կառուցվածքի եւ դասավորման հերթականության վերլուծության ժամանակ: «Ենթադրվում է, որ այդ համակարգչի շնորհիվ նոր հայտնագործություններ կարվեն բժշկագիտության բնագավառում»,- հավելել Է Մեն Սյանֆեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս