«Սահմանադրությունն ավելի է ամրապնդելու Արցախի ժողովրդավարական համակարգը». Աշոտ Ղուլյան

Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը բոլոր մարտահրավերներին: Լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին: Կարծում եմ՝ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է: Այն ամրապնդելու է այն կարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը», -ընդգծեց Ղուլյանը:

Նա նշեց, որ այս հանրաքվեով ամրապնդվելու է նաև այն գաղափարը, որն արտահատվել է 1988-1989 թվականներին: «Երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարելու նախագահականին: Այդ օրենսդրական մշակումներին անձամբ մասնակցել եմ, և մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի Սահմանադրության մեջ»,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը և հավելեց, որ քվեարկությունից հետո սպասվում են մի շարք հանդիպումներ Արցախում գտնվող դիտորդական առաքելություն կատարող ներկայացուցիչների հետ:

1/8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նաիրա Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիները մեծ ակտիվությամբ մասնակցում են ընտրությանը:

«Գերմանիայից եկած դիտորդական խումբը շատ բարձր գնահատեց ընտրության ընթացքը: Ընտրությանը մասնակցում են թե երիտասարդները, թե մեծահասակները: Որևէ խախտում դեռևս չի արձանագրվել»,- ընդգծեց Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս