«Շատ-շատ են էս կռիսները, Անիիս ծոց էին մտել». Գյումրիում 3-ամյա Անին գիշերում է կիսասոված ու առնետների կողքին
«Անմեղ էրեխա է, մեղք չունի, օր էս երկրի մեջ է ծնվել»: Ժանգոտ թիթեղյա դարպասից այն կողմ փտած տնակի պատուհանից արեւի ճառագայթներն են շարժվում սենյակում, 3-ամյա Անին դեպի պատուհանի լույսն է գնում ու հատակին ինչ-որ շորեր դասավորում, ապա փորձում բարձրանալ պատուհանի մոտ դրված բազմոցին: «Աղջիկս ու ես ըդպես կելնինք ըդեղ, կտաքնանք արեւին, մինչեւ արեւը կփոխվի: Հետո գուկանք ստեղ կնստինք, կմիացնեմ էս պլիտան, կտանիմ էն փոքր սենյակը, քիչըմ կտաքցնենք ու կքնինք»,- asparez.am-ի հետ զևույցում պատմում է Անիի մայրը՝ 46-ամյա տիկին Մարիետան:
Սեղանին Անիի ամենօրյա ճաշն է. ինչպես միշտ՝ մակարոն ու կարտոֆիլի մի քանի կտոր, այս անգամ Անին հրաժարվել է ուտել: Հարցնում է. «Տեսա ՞ր ճաշս», ապա վազվզում սենյակում, դաշնամուրին մոտենում ու փորձում նվագել…
Տիկին Մարիետան Գյումրու Խմելինսկի 236/139 տնակում ապրում է արդեն 21 տարի: Անին ծնվել է տնակային պայմաններում: Մայր ու դուստր գոյատեւում են պետության ամենամսյա նպաստով՝ 23 հազար դրամով: Տիկին Մարիետան մինչ երեխայի ծնունդը աշխատել է բուժքույր, 3-ամյա Անիին մեծացնում է միայնակ:
Տիկին Մարիետան պատմում է, որ խնայողաբար է ծախսում էլեկտրաէներգիան, վարձը չի կարող վճարել:
«Հույս էլ չունիմ, թե ինչ ձեւի պտի փակեմ պարտքը, բայց տաքցնել էլ չի էղնի, որովհետեւ ահավոր վիճակ է, շատ ցուրտ է: Էղել է, օր էրեխու ձեռքը բռնած գնացել, մաքրող եմ աշխատել, օրական ստացել եմ 300 դրամ, շատ ժամանակ սոված եմ քնել, շատ ժամանակ ամնչել եմ իմ էս վիճակից…»,-ասում է Անիի մայրն ու ննջասենյակում փորձում ցույց տալ սառցակալած պատն ու վերմակը: Վերմակը բարձրացնելուց վայրկյաններ անց ինչ-որ մի բան է խլվլում մահճակալում, կինը ծանոթ է այս խլվլոցին, մայր ու աղջիկ արդեն համակերպվել են առնետավազքին:
«Շատ-շատ են էս կռիսները, Անիիս ծոց էին մտել: Ես սաղ գիշեր վախից չեմ քնի, թե կռիսները չելնին՝ էրէխեուն վնաս տան: Իրան շատ առողջ ծնել-բերել եմ, բայց քանի որ էս տնակում կապրինք, մկանային խնդիր ունի, նեռվային խնդիր կա իրա մոտը: 15 օր առաջ եմ հիվանդանոցից դուս բերել, ու էլի նույն վիճակն է»,-պատմում է մայրը, Անին այդ ընթացքում շարունակում է անընդհատ հազալ ու փռշտալ:
«Անմեղ էրեխա է, մեղք չունի, օր էս երկրի մեջ է ծնվել, էս պայմանների մեջ է ծնվել, բազմիցս անգամ ղեկավար մարմինները ընձի կսեին՝ չէի ՞ր կռնա պահել, չունենայիր էս էրեխուն: Ուրեմն ես էլ կփորձեմ ինքնասպան լինել…թող պետության մեղքը լինի, էդպիսի բան ասողը մայր կոչվելու, ծնող կոչվելու իրավունք չունի, ըդիկ շատ ժամանակ կին է ասել ինձ, վերջը ինքն էլ է մայր»,-հեկեկոցով պատմում է տիկին Մարիետան ու փորձում սրբել արցունքները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Անի Մկրտչյան