Լավրովը՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման ու հարաբերությունների մասին
Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման պայման է երկու երկրների իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցությունը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում:
Լավրովը Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերադարձի հնարավորությունն անվանել է բարդ հարց և նշել, որ «մի քիչ տարօրինակ է» քննարկել դա Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:
«Սակայն դա նաև կապված է անվտանգության ապահովման հետ, երբ ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլև Անդրկովկասը դառնում են երթուղի, որից փորձում են օգտվել գրոհայիններն ու ծայրահեղականները»,- նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ վիզային ռեժիմի դյուրացման մասին հնարավոր կլինի միայն վերոնշյալ խնդիրների լուծումից հետո՝ Վրաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև փոխգործակցության հաստատման հաշվին:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ երկու երկրների միջև ավելանում է առևտրաշրջանառությունը, ավելանում է ավիաչվերթերի թիվը, իսկ Վրաստանի քաղաքացիները «գրեթե ամեն առիթով» կարող են այցելել Ռուսաստան: