Ովքե՞ր են մերժել ստանձնել պաշտոններ նոր վարչակազմում
Փոխծովակալ Ռոբերտ Հարվերդը հրաժարվել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից՝ ստանձնելու ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը, որը թափուր էր մնացել այս շաբաթ պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինի հրաժարականից հետո: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
60-ամյա պաշտոնաթող փոխծովակալը նախկին հատուկ ջոկատային է և փայլուն տիրապետում է պարսկերեն լեզվի: Նա թողել է ռազմական ծառայությունը 2013 թվականին և այժմ ղեկավար պաշտոն է ստանձնել ավիատիեզերքի և զինամթերքի արտադրությամբ զբաղվող Lockheed Martin ընկերությունում, ուր համակարգում է Միացյալ Արաբական Էմիրության հետ աշխատանքները:
Անվտանգության և ռազմական գործիչների շրջանակում Հարվարդը մեծ համբավ ունի: Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հետ: Նրանք միասին ծառայել են այն տարիներին, երբ Հարվարդը զբաղեցնում էր ԱՄՆ-ի ռազմական ուժերի կենտրոնական շտաբի տեղակալի պաշտոնը, որը համակարգում է նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան բանակի գործողությունները:
Նա աշխատել է նաև Սպիտակ Տանը Ջորջ Բուշ Կրտսերի Ազգային անվտանգության խորհրդում, ուր զբաղված էր հակաահաբեկչության հետ կապված հարցերով:
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Թրամփի առաջադրումից հրաժարվելու պատճառը կայանում է նրանում, որ առաջարկված պաշտոնը չափազանց պատասխանատու է և նախատեսում է օրվա մեջ 24 ժամյա աշխատանք, որը նա այս պահին ի վիճակի չէ կատարել:
Հիշեցնենք նաև, որ օրերս Աշխատանքի և զբաղվածության նախարարի թեկնածու Էնդրյու Պազդերն իր թեկնածության հաստատման լսումներից մեկ օր առաջ ևս հրաժարվել է պաշտոնի ստանձնումից: