
Ավազակային հարձակում Երևանում. 4 հոգի մուտք են գործել բնակարան, բռնություն գործադրել, գումար հափշտակել

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ, հափշտակել կանխիկ գումար և դիմել փախուստի։ Բռնության հետևանքով սեփականատիրոջը պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հովածի 2-րդ մասի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։