Բաժիններ՝

Invest in Armenia. Նոր հարթակը կկապի Հայաստանի և արտերկրի ներդրողներին և ներդրումային նախագծերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է ներդրումային հարթակի նոր կայք, որտեղ ներկայացվում են ներդրումային ծրագրերը և հավաքագրվում ձեր առաջարկած բիզնես-նախագծերը:

Invest in Armenia կայքի նպատակն է՝ ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ՝ երկրի ներքին ներդրողներից: Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Կայքում առկա են 35-ից ավելի ներդրումային ծրագրեր:
Կայքը պոտենցիալ ներդրողներին հնարավորություն է տալիս դիտարկել նախագծերը` ըստ գործունեության ոլորտների կամ տեղակայման վայրի, և ստանալ տեղեկատվություն հետաքրքրող նախագծի վերաբերյալ, օրինակ` նախագծի ընդհանուր արժեքը, տվյալ պահին ներդրված գումարի չափը, մարզը, նախագծի նկարագրությունը, հստակ բիզնես պլանը և այլն:

Investmentprojects.am կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները: Ինտերակտիվ քարտեզի միջոցով հնարավոր է տեսնել, թե ՀՀ որ մարզից կամ որ քաղաքից են ներկայացվել ծրագրերը:

Կայքը հնարավորություն է տալիս ցանկացած անձի, ով ունի հետաքրքիր բիզնես-նախագիծ, ներկայացնել այն կայքի սպասարկող անձնակազմին` ներդրումներ ներգրավելու նպատակով: Investmentprojects.am կայքում նախագծի հեղինակները նշում են, որ ընկերությունները ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը նաև արտասահմանում, մասնավորապես՝ Եվրոպայում, ԱՊՀ-ում, Եվրասիական տնտեսական միությունում և Իրանում: Ըստ նախագծի հեղինակների՝ ներդրումային համակարգը Հայաստանում արդյունավետ է Հայաստանում հմուտ աշխատուժի, միջազգային առևտրային համաձայնագրերի, հարկային ցածր դրույքաչափերի, բարձր կենսամակարդակի և բիզնեսի համար լավ պայմանների շնորհիվ:

Կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս