Ալեք Ենիգոմշյանի 4 հարցերը՝ իրենց «ընդդիմություն» համարողներին

«Որպես «Հիմնադիր խորհրդարան», «Սասնա ծռեր» քաղաքական շարժում՝ մեր կեցվածքն առաջին իսկ օրվանից հստակ է եղել, և ոչ մի փոփոխություն չկա. «Այս ռեժիմի օրոք ընտրություն անցկացնելը պարզապես խեղկատակություն է, սրանից ոչ մի բան չի փոխվի: Այս իշխանություններին, վարչախմբին թվում է, որ Սահմանադրություն փոխելով և այլ փոփոխություններ կատարելով՝ հաջողվելու է այնպես անել, որ արդար ընտրություններ լինեն, ու առերևույթ ընտրակեղծիքներ չգրանցվեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Մեկ ու կես ամիս է մնացել ընտրություններին, ու հենց այս իշխանությունների պահվածքը, ջղաձգումները ցույց են տալիս, որ իր համար ոչինչ այնքան հեշտ չի, ինչքան ներկայացվում է: Սրա ցայտուն ապացույցը վերջին օրերի բռնաճնշումների աճն է, որոնք սկզբից մինչև վերջ հակաօրինական են»,- ասաց նա:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ վերջին տասն օրերին տեղի ունեցած հակաօրինական գործողություններից ամենացայտունը Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» կալանավորումն է, որը, ըստ նրա՝ ոչ մի իրավական հենք չունի. «Այսօր 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Արթուրը, նա ունի չափազանց լուրջ առողջական խնդիրներ, ու ոչ հացադուլային պայմաններում նրա կալանավորումը հակացուցված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային օրենքներով: Իսկ սյս հացադուլն իր վիճակը շատ վատացնում է: Այս քայլերը, որ որդեգրել է իշխանությունն Արթուր Սարգսյանի նկատմամբ, բացառապես վախի արդյունք է: Նրանք սարսափում են «Սասնա ծռերի» ցանկացած գործողությունից: Արթուր Սարգսյանի վրա բավականին երկար ժամանակ ճնշումներ գործադրեցին, սակայն, հասկանալով, որ իր դիրքորոշումներից հետ չի կանգնում, նրան նորից փակեցին, որը, նրանց կարծիքով՝ միակ այլընտրանքն է»:

Երկրորդ դեպքը, որ նշեց Ալեք Ենիգոմշյանը, փաստաբանների իրավունքների ոտնահարումն է, որը ևս հակասում է ՀՀ օրենսդրությանը. «Այսօր Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը գնացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ով մինչև հիմա թույլտվություն չունի առանց խուզարկության հանդիպել իր պաշտպանյալների հետ: Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք փորձում են «Սասնա ծռերի» անդամներին հնարավորինս մեկուսացված պահել»:

Ալեք Ենիգոմշյանը 4 հարց ուղղեց այն դաշինքներին, կուսակցություններին, որոնք ներկայանում են՝ որպես ընդդիմություն իշխանություններին. «Այս հարցերի հանդեպ իրենց դիրքորոշումն էլ ցույց կտա, թե որքանով են ազնիվ կամ հակառակը՝ անազնիվ այս գործընթացում: Իրենց սկզբունքը մեզ գոհացնելը չպետք է լինի:

  1. Հստակ, ճշգրիտ գնահատական ներկա համակարգին, ռեժիմին: Ինչպես նաև իրենց պատկերացումները մերժված համակարգին:
  2. Արցախի տարածքների հանձնման առիթով հստակ դիրքորոշումը. Կո՞ղմ են հանձնմանը, թե՞ ոչ:
  3. Հայաստանի իշխանության ապագաղութացման հետ կապված հստակ դիրքորոշումը:
  4. Ներկայիս քաղաքական բանտարկյալի իրավիճակի առումով հստակ դիրքորոշում ունենալ»:

Ասուլիսին մասնակցում էր նաև դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նա նշեց. «Որքանո՞վ հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ ու փոխել իշխանություն մի երկրում, որտեղ բռնատիրություն է, և չկա ժողովրդավարություն: Բոլորիս է հայտնի, որ քաղբանտարկյալները սոսկալի պայմաններում են գտնվում, հատկապես՝ առողջական խնդիրներ ունեցողները»:

Թամար Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խոսել է Արթուր Սարգսյանի փաստաբանի հետ, ով ևս արհեստական պատնեշների է հանդիպում իր պաշտպանյալին տեսնելու համար:

Տեղեկացնենք, որ վաղը՝ փետրվարի 18-ին, լինելու է հանրահավաք՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի: Ալեք Ենիգոմշյանը կոչ արեց մարդկանց միանալ այդ պայքարին, որպեսզի վերականգնվի ոչ միայն նրա ազատությունը, այլև առողջությունը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս