Բաժիններ՝

Որո՞նք են ամենատարածված սոցցանցերը Հայաստանում, և ովքե՞ր են հիմնական օգտատերերը

Mail.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ Digisales ընկերությունը և Smartology Digital Marketing Academy-ն ներկայացրին «Թվային օր. Mail.ru / Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում։

Կոնֆերանսի նպատակն էր՝ բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, դրանց հնարավորություններն և առավելությունները, ինչպես նաև Mail.Ru արդի գործիքները:  Կոնֆերանսում քննարկումների հիմնական թեմաներն էին՝ Հայաստանում թվային գովազդը և դրա հնարավորությունները, թվային մեդիա գովազդը, դրա առանձնահատկությունները և բիզնեսում դրա կիրառության բացերը, թիրախավորման գործիքները և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետությունը, Odnoklassniki սոցիալական ցանցի բիզնես առաջխաղացման գործիքները: Բացի հիմնական թեմաներից, ներկայացվեցին նաև բոլորովին նոր գործիքներ և տրենդներ, ինչպես նաև խոսվեց դրանց տեղակայման և բիզնես նպատակներով օգտագործման մասին:

Կոնֆերանսի հատուկ հյուրերն էին Ալեքսանդր Կոնևը՝ myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավարը, և Mail.Ru Group-ի ներկայացուցիչներ Ալեքսանդր Սրեբկովը, Իգոր Վինեցկին և Odnoklassniki.ru ներկայացուցիչ Ալեքսեյ Կաշևարովը, ովքեր իրականացնում էին հիմնական քննարկումները:

DigiSales ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Սուլթանյան խոսեց 2009 թվականից մինչ օրս ինտերնետային գովազդում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Արմեն Սուլթանյանը նշում է, որ ըստ հետազոտությունների՝ հայաստանյան ինտերնետային գովազդի շուկայում 2016-ին 2,4 մլն դոլարի վաճառք է կատարվել: Սրանք մոտավոր հետազոտության արդյունքներն են, սակայն ամբողջացնում են պատկերը:

Սուլթանյանը նշեց նաև, թե որոնք են Հայաստանում ամենատարածված սոցիալական ցանցերը: Առաջին տեղում Odnoklassniki սոցցանցն է: Ռուսական սոցցանցին հաջորդում են Facebook-ը, Mail.ru-ն և Instagram-ը:

myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար, Mail.ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնևը և Mail.Ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սրեբկովը խոսեցին Հայաստանում Odnoklassniki և Facebook սոցիալական ցանցերի տարածվածության և այդ կայքերում գովազդի հիմնական թիրախավորումների մասին:
Կոնևը նշում է, որ սոցիալական ցանցերում գովազդ իրականացնելու համար պետք է միշտ լինել նորարար և գտնել նոր լուծումներ, քանի որ սոցիալական ցանցերում օգտատերերի տարիքային և սեռային ցուցանիշները պարբերաբար փոփոխվում են, և մասնագետի համար շատ բարդ է լինում ճանաչել իր պոտենցիալ հաճախորդին:

Որպես օրինակ՝ Կոնևը նշեց, որ Հայաստանում Odnoklassniki կայքի օգտատերերի թիվը հաճախ է փոփոխվում: Շատ մարզերում սոցցանցը երկրորդն է, բայց, օրինակ, Գեղարքունիքում և Լոռիում շարունակում է մնալ առաջատար և, դժվար թե երկար ժամանակ զիջի իր դիրքերը:

Շարունակելով թեման՝ Ալեքսանդր Սրեբեկովը նշում է, որ հաջողակ գովազդի համար պետք է միշտ ունենալ թարմ վիճակագրություն: Պետք է ճանաչել օգտատերերի հիմնական սեռատարիքային կազմը, նախասիրությունները, համընդհանուր հետաքրքրությունները:
Հայաստանում, օրինակ, Odnoklassniki սոցցանց օրական մուտք է գործում 713 հազար մարդ, սոցցանցից օգտվում է 1,4 մլն օգտատեր, որոնցից 66%-ը տղամարդիկ են, 34%-ը` կանայք: Աշխարհում պատկերը մի փոքր այլ է՝ սոցցանցից օգտվում են 38 % տղամարդիկ և 62 % կանայք:  Հայաստանը Odnoklassniki սոցցանցն ակտիվ օգտագործող երկրներից է և այս սոցցանցից օգտվող երկրների 10-յակում 5-րդն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս