
«Կլիչկոն մեծագույն չեմպիոն է, բայց հիմա սկսվում է իմ ճանապարհը». Էնթոնի Ջոշուա

Գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան կիսվել է Վլադիմիր Կլիչկոյի հետ կայանալիք մենամարտի սպասումներով:
«Վլադիմիրը շատ բանի է հասել վերջին 14 տարիների ընթացքում, բայց նա չի կարող կռվել ևս 14 տարի, իսկ ես կարող եմ: Եվ ես դիտարկում եմ դա՝ որպես գերծանր դիվիզիոնում կառավարելու երկար ճանապարհի սկիզբ:
Կլիչկոն մեծագույն չեմպիոն է, բայց հիմա սկսվում է իմ ճանապարհը: Ես հիանում եմ նրա հսկայական փորձով, բայց հավատում եմ, որ բռնցքամարտը երիտասարդների սպորտ է»,- Էնթոնի Ջոշուայի խոսքերն է մեջբերում boxingnews.com.ua-ն:
Ջոշուա-Կլիչկո մենամարտը տեղի կունենա ապրիլի 29-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը