Ցուկերբերգը խոստացել է օժանդակել գլոբալացման գործընթացին
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մտադիր է հասնել այն բանին, որ աշխարհում գլոբալացման գործընթացն ավելի ակտիվորեն ընթանա: Այդ մասին ասված է ձեռնարկատիրոջ հայտարարության մեջ, որը հրապարակված է նրա պաշտոնական էջում:
«Ներկայում առաջընթացի համար անհրաժեշտ է, որ մարդկությունը միավորվի արդեն ոչ թե քաղաքների ու պետությունների մակարդակով, այլև որպես համաշխարհային հանրակցություն»,- նշել է Ցուկերբերգը: Նա ասել է, որ «Facebook-ը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ մարդիկ համախմբվեն, և ձևավորվի համաշխարհային հանրակցություն»: Ձեռնարկատիրոջ կարծիքով, դա, մասնավորապես, թույլ կտա ավելի արդյունավետորեն պայքարել ահաբեկչության դեմ, հակազդել կլիմայի փոփոխմանը մոլորակի վրա, ինչպես նաև կանխել համաճարակները:
Ցուկերբերգը նաև նշել է, որ ավելի վաղ «աշխարհը տարեցտարի ավելի ու ավելի փոխկապված էր դառնում, և դա դրական միտում էր համարվում»: Մինչդեռ, նրա խոսքով, վերջին ժամանակներս ի հայտ են գալիս ավելի շատ շարժումներ, որոնց մասնակիցները հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ գլոբալացման գործընթացները հետ շրջվեն: Facebook-ն աշխարհի առաջատար սոցիալական ցանցերից մեկն է: Նրա ամսական լսարանը գերազանցում է 1,71 միլիարդն ամբողջ աշխարհում:
2015 թվականի փետրվարին Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը մտադիր է նպաստել մինչև 2030 թվականը Համացանցի օգտատերերի թիվը մինչև 5 մլրդ հասցնելուն: Այն ժամանակ նա հայտնել էր, որ մոլորակի հեռավոր մասերում ապրող մարդկանց համար համաշխարհային սարդոստայն մուտքը կապահովվի Aquila անօդաչուների, ինչպես նաև ընկերության այլ մշակումների օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: