Բաժիններ՝

«Համայն Վրաց պատրիարքի սպանություն չի պլանավորվել». Վրաստանի գլխավոր դատախազություն

Վրաստանի դատախազությունը պնդում է, որ Համայն Վրաց պատրիարքի կամ Վրաց ուղղափառ եկեղեցու որևէ բարձրաստիճան հոգևորականի սպանություն չի պլանավորվել, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը` վկայակոչելով իրավապահ մարմիններին, որտեղ նշվում է, որ Վրաստանի պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար, սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեի առաջադրվել է «մի մարդու» սպանության նախապատրաստության մեղադրանք, այլ ոչ թե պատրիարքի։

Գլխավոր դատախազությունում նշում են, որ իշխանությունների ներկայացուցիչները, հոգևոր այրերն ու հասարակությունը իրենց հայտարարությունը «սխալ են հասկացել»։
«Գլխավոր դատախազը ճեպազրույցում ուղղակիորեն պատասխանել է, որ թիրախը պատրիարքը չէ։ Ոչ ոք դա չի կարող վիճարկել մեզ հետ»,- հայտնել են թերթին դատախազությունից և հավելել, որ խոսքն անգամ բարձրաստիճան հոգևորականի մասին չէ, այլ «պատրիարքի շրջապատի անձանցից մեկի»։

Թե ում մասին է կոնկրետ խոսքը մեղադրանքում, դատախազությունից չեն հայտնել, սակայն Մամալաձեի փաստաբանը արդեն նշել է, որ խոսքը Իլյա Երկրորդի քարտուղար-ռեֆերենտ Շորեն Տետրուաշվիլիի մասին է։

Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, թե Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է հայր Գեորգի Մամալաձեն։

Հետաքննությունն սկսվել է 2017թ. փետրվարի 2-ին քաղաքացիներից մեկի հայտարարության հիման վրա, որը դիմել էր Վրաստանի դատախազություն և հայտնել, որ իր ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել իրեն կյանքի համար վտանգավոր ցիանիդ նյութի որոնման հարցում, որը պետք էր բարձրաստիճան հոգևորականի սպանության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս