Նախարարությունն առավելություն է տվել էժան գին և վարկի չհավակնող 3 ընկերությունների
Այս տարի Հայաստան պարարատանյութ ներկրելու համար գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ անցկացրել է մրցույթ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց, որ մրցույթին մասնակցել է 19 ընկերություն` թե՛ հայաստանյան, թե արտերկրյա` գերմանական, անգլիական, շվեյացարական: Ըստ նրա` նախարարությունն առավելություն է տվել էժան գին և վարկի չհավակնող ընկերություններին և հաղթող է ճանաչվել 3 ընկերություն` հայկական՝ «Մասիսի բերրիություն», ռուսական՝ «Тарговый дом», և մեկ պարսկական ընկերություն:
«Սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 մլն դրամ»,- ասաց Ի.Առաքելյանը` նշելով, որ բյուջեով նախատեսված գումարներից տնտեսել են 1.1 մլրդ:
Նախարարը նշեց, որ պարարտանյութի արժեքը կսուբսիդավորվի այնքան, որ անցած տարվա գինը պահպանվի գյուղացիների համար և տրամադրվի 6000 դրամով.
«Դիզվառելիքի սուբսիդավորում չի իրականացվելու: Մյուս տարի նաև պարարտանյութի սուբսիդավորում չի իրականացվի»:
Առաքելյանի խոսքով` գյուղատնտեսական կենդանիների ծրագրով մրցույթ է անցկացվել պատվաստանյութեր ներկրելու համար և արդյուքնում 30 մլն դրամ է տնտեսվել:
«Մնացած ծրագրերն ընթացքում են, քննարկվում են»,- ասաց նախարարը: