
Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը նշանակվեցին զինծառայողներին հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակվեցին Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարնախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24րդ հոդվածի 2րդ մասի 1ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին:
Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ, այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ: Մասնավորապես, սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ:
Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար, համապատասխանաբար, 200 հազար դրամ և 100 հազար դրամ: Բոլոր այս դեպքերում, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի երեխա, ապա ի հավելումն այս գումարների, ամսական կվճարվի ևս 100 հազար դրամ:
Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև՝ վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից: