Բաժիններ՝

Այսօր կլրանար հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի 85-ամյակը

«Մանկությունից կուզեի Հայաստան գալ։ Երբ հայերեն կլսեի, սիրտս կթռներ: Իմ ամենամեծ երազանքն է, որ ճիշտ Հայաստան ունենանք»։

Այսօր հայազգի մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը կդառնար 85 տարեկան: Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի անվանի զավակներից էր, ով մշտապես իր ժողովրդի կողքին էր՝ սատարելով ամենադժվարին պահերին և իր գործուն մասնակցությունն ունենալով հայրենիքի շենացման գործում:

Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներին տիկնոջ Հասմիկ Փարիզ Հովնանյանի հետ նա ոչ միայն բնակություն հաստատեց հայրենիքում, այլ մեծածավալ ներդրումներ կատարելով՝ նպաստեց հայրենիքի զարգացմանը: Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո պրն Հովնանյանը շտապեց օգնության ձեռք մեկնել իր ժողովրդին. նրա հանգանակած միջոցներով Սպիտակի աղետի գոտում նոր դպրոց կառուցվեց: Վահագն Հովնանյանն իր ողջ կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ հոգևոր և ազգային շքանշանների և տիտղոսների, որոնցից ամենանշանավորն է «Մեծի Տանն Կիլիկիո իշխան» կոչումը: Մեծ է պրն Հովնանյանի ներդրումը հայրենիքի մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների զարգացման գործում:

Հովնանյան ամուսինները նաև մեծապես նպաստել են Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը և հայրենիք-Սփյուռք հարաբերությունների սերտացմանը:

Հայապահպանության գործում Տեր և Տիկին Հովնանյանների մեծագույն նվաճումներից է 1976թ. Նյու Ջերսիի Նյու Միլֆորդ քաղաքում հայկական վարժարանի հիմնումը, որը հետագայում հիմնադիրների պատվին վերանվանվեց «Հովնանյան» վարժարան:
1998թ. Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով աշխարհի չորս կողմերում սփռված հայերին համախմբել հայրենիքում:

Մեծ բարերարը կյանքից հեռացել է 2015թ. օգոստոսի 31-ին:

«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս