
Samsung-ի սմարթֆոններն առաջ են անցել iPhone-ից

Որակի ռուսական համակարգը (Ռոսկոչեստվո) սմարթֆոնների հետազոտություն է անցկացրել եւ կազմել դրանց վարկանիշը, որում միագումար ցուցանիշներով առաջին հորիզոնականներն զբաղեցրել են հարավկորեական Samsung ընկերության սարքերը, առաջ անցնելով ամերիկյան Apple-ի iPhone-ից: Այս մասին տեղեկացնում է «Ռոսկոչեստվոն»:
Սմարթֆոնների հրապարակված վարկանիշն այժմ բաղկացած է ժողովրդականություն վայելող համաշխարհային բրենդների շուրջ 250 մոդելներից: Samsung-ի սարքերը (Galaxy-ի տարբեր մոդելները) զբաղեցնում են վարկանիշի առաջինից մինչեւ յոթերորդ հորիզոնականները, ութերորդում՝ LG-ն է, իններորդում՝ կրկին Samsung-ը, իսկ Apple-ի սմարթֆոններն զբաղեցնում են 10-13-րդ հորիզոնականները:
Ինչպես ճշտում է «Ռոսկոչեստվո»-ն, սմարթֆոնների թեստավորումը կատարվել է քսան ուղղություններով, ներառյալ դիմացկունությունը, ձայնի եւ տեսագրության որակը, արտադրողականությունը, տվյալների մշակման արագությունը, ֆունկցիոնալությունը, կուտակչի աշխատանքը: Ընդամենն ուսումնասիրվել է որակի 274 ցուցանիշ, հաղորդել է ՌԻԱ նովոստի գործակալությունը: