«Լապշինի դեպքից հետո Արցախի օմբուդսմենի զեկույցը Եվրախորհրդարանում բավականին նշանակալի իրադարձություն է». Պետո Դեմիրճյան

Ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո  երկրորդ անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանն ու Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց են ներկայացրել Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղի նախաձեռնությամբ։

«Զեկույցում բերված տեղեկությունները տագնապալի են միջազգային հանրության համար՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: 2016թ. ապրիլին ադրբեջանական զորքերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և ծանր խախտումները դեռևս ճիշտ, համարժեք պատասխաններ են պահանջում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից և անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար»,- նշվում է զեկույցի նախաբանում: Բուն զեկույցում ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների տեսակները, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով ու համարվում են միջազգային իրավունքի ծանր խախտում: Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները եղել են նախապես ծրագրված ու կրել են կանոնավոր բնույթ:

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, գնահատելով միջոցառման կարևորությունը, նախ տեղեկացրեց, որ առաջին անգամը չէ, երբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայում է։ Նրա փոխանցմամբ, ավելին,  փետրվարի 16-ին Ռուբեն Մելիքյանը նմանատիպ մամլո ասուլիս է ունենալու Բրյուսելում։

«2016թ. հունիսին  մենք Ռուբեն Մելիքյանին հրավիրեցինք Բրյուսել։ Առաջին զեկույցը, որը հրատարակել էր ՄԻՊ-ն Արցախյան պատերազմից հետո, ներկայացվեց Բրյուսելում, ապա Մելիքյանը հանդիպումներ ունեցավ քաղաքական շրջանակների, եվրոպացի պատգամավորների, Բելգիայի ֆեդերալ և  շրջանային խորհրդարանի  անդամների, հասարակական կազմակերպությունների հետ»,- տեղեկացրեց Դեմիրճյանը։

Վերջինիս համոզմամբ՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի  արտահանձնման դեպքից հետո Մելիքյանի զեկույցը Եվրախորհրդարանում բավականին նշանակալի իրադարձություն է։ «Այն, որ այդ ասուլիսը, որի ընթացքում Ռուբեն Մելիքյանը Եվրախորհրդարանում ներկայացրեց Ադրբեջանի ռազմական ոճիրների  երկրորդ զեկույցը,  Լապշինի դեպքից հետո ինքնին շատ  մեծ բան է նշանակում, քանի որ դուրս է բերում Արցախին շրջափակումից՝ ի  հակառակ Ադրբեջանի հետապնդած քաղաքականության։

Լապշինի դեպքի էությունը, նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր այն օտարերկրացիների մոտ, որոնք ցանկանում են Արցախ այցելել, իսկ Արցախի ՄԻՊ-ը գտնվում է Եվրախորհրդարանում, ավելին, ներկայացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ միևնույն ժամանակ փաստելով, որ ադրբեջանական կողմի պնդումները հիմնազուրկ են»,- ասաց Պետո Դեմիրճյանը։

Տեսանյութեր

Լրահոս